Որեւէ մեկին հետաքրքիր չէ, թե իշխանության ներկայացուցիչները ինչպիսի անձնական կորուստներ են ունեցել․ Արփի Դավոյան

192

Որեւէ մեկը ռազմական դրությունը անվերջ եւ ոչ ողջամիտ փաստարկներով երկարացնելու մտադրություն չունի։  Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Մենք ունենք հետպատերազմական վիճակ, բազմաթիվ գործողություններ, որոնք պետք է կատարվեն սահմանային իրավիճակը հարթեցնելու, այսինքն՝ տեղի ունեցող գործողութունները կանոնակարգելու համար, հետեւաբար ռազմական դրության պահպանումը որեւէ կերպ ինքնանպատակ չի կարող լինել եւ կապված չէ որեւէ ներքաղաքական իրադարձության հետ, որի մասին հակված են խոսել, քաղաքական որեւէ ենթատեքստ չունի», -ասաց Դավոյանը։

Դավոյանը չի կարծում, որ կառավարությունը պետք է հրաժարական տա եւ վարչապետը հեռանա, որովհետև այս իրավիճակում նման գործելաոճը, ըստ նրա, անպատասխանատվություն է։

«Կան մարդիկ, որոնք ասում են, որ պարտված իշխանությունը այլեւս չի կարող լինել իշխանություն։ Ես համաձայն չեմ։ Իշխանությունը ունի անելիք, իշխանությունը պետք է շարունակի այս գործընթացը այնքան ժամանակ, մինչեւ կարողանա հստակ հասկանալ իր գործողություները։ Մենք ունենք միջազգային պարտավորություններ, բանակցություններ, սահմանների հարց, եւ այստեղ անընդհատ ասել, որ իշխանությունը պարտվել է եւ պետք է հեռանա, տրամաբանական չէ։ Հանրային դժգոհությունը մի քանի կուսակցությունների առաջարկած դժգոհությունների թեզերը չեն, հանրային դժգոհությունը այլ բան է, երբ ամբողջ հանրությունը պահանջում է մի բան։ Սակայն մենք տեսնում ենք ուղղակի կոնկրետ քաղաքական ուժերի կողմից ուղղորդված դժգոհություն», -նշեց Դավոյանը։

Դավոյանը խնդրեց չշրջանառել հողեր հանձնելու թեզը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները նույնպես անձնական կորուստներ են ունեցել։

«Հողերը ոչ մեկ չի հանձնել։ Խնդրում եմ՝ ձեր թեզերը հող հանձնելու, դավաճանի, վերջացրեք։ Դուք գիտե՞ք, թե նույն իշխանության ներկայացուցիչները ինչպիսի անձնական կորուստներ են ունեցել։ Որեւէ մեկին դա հետաքրքիր չէ։ Բոլոր զոհերի ծնողների առաջ ես խոնարհվում եմ, պարտավոր ենք հիշել նրանց հիշատակը, բայց մեր ընկերների հիշատակը այսպես օգտագործել, ասել, որ դուք հողերը հանձնել եք, ծախել եք, դավաճան եք, եւ այլն, ճիշտ չեմ համարում», -ասաց Արփի Դավոյանը։

News.am