Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան

122


Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։ 

Նեթանյահուն և Մոհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի շրջանակում խոսել են Թուրքիային թիրախավորելու ռազմավարության շուրջ։

Կողմերը նաև քննարկել են մի ծրագիր, որն ուղղված է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելուն։ 

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սալմանը, որը մտահոգ է Պաղեստինում Թուրքիայի դերակատարության համար, Նեթանյահուի հետ քննարկել է այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու հարցը։ 

«Իսրայելն Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու համար ողջունել է Էլ-Ռիյադի ակտիվ դերակատարությունը»,- մեկնաբանել է թուրքական «Haber 7» լրատվամիջոցը։ 

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում Արևելյան Երուսաղեմում այդ երկրի աճող ազդեցությունը հավասարակշռելու համար Իսրայելը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող բարեգործական ընկերությունների գործունեությունը։

Ermenihaber.am