Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն

65

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի տարածած հայտարարությանը, որը տարակուսանք է առաջացնում՝ Բերձորը, ի վերջո,  հայկակա՞ն կողմին է պատկանում, թե ադրբեջանական։ «Քաշաթաղցիներին ինչ- որ մեկը մարդավարի կասի՞, թե այդ մարդիկ ինչ անեն։

Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը. միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։

Այն նույն Բերձորի հարցն է դեռ քննարկվում, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։

Փաստորեն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն ստորագրողը, ով Արցախի տարածքի ահռելի մասը հանձնեց Ադրբեջանին, նույնիսկ դա չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը։

Իսկ մարդիկ դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն, ունեցվածքը տեղափոխե՞ն, թե՞ ոչ։ Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն։

Չեք մարսելու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։