Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը. RazmInfo

60

razm.info-ն

շարունակում է ներկայացնել, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

ԹԻՐԱԽ №4. ԳՅԱՆՋԱՅԻ ՀՕԴՍ ՉՑՆԴԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

2020թ․ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»։ Այդ և հաջորդած օրերին ցանցում հայտնված տեսանյութերից հնարավոր եղավ ենթադրել, որ հարվածները հասցվել են «Սկադի» հրթիռներով։ Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել։

Razm.info-ն դեռ կանդրադառնա «Սկադի» հրթիռների կիրառման առաջացրած հարցերին, իսկ այժմ խոսենք Գյանջայի միջազգային օդանավակայանի մասին։

Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Ի սկզբանե, խորհրդային տարիներին, այն երկակի նշանակության էր։ Ադրբեջանում տևական ժամանակ այն օգտագործվում էր բացառապես քաղաքացիական նպատակներով, սակայն վերջին շրջանում այն սկսվեց նորից օգտագործվել և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներով։ Մասնավորապես թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։

Թուրքական F-16 կործանիչները Գյանջայի միջազգային օդանավակայանում. հոկտեմբերի 3

Եթե «Սկադի» հրթիռները կպնեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեև հօդս չէր ցնդի, սակայն F-16-երի ոչնչացումն էապես կթեթևացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ F-16-երը հենց ՀՕՊ ճնշելու համար մասնագիտացած թուրքական 151-րդ ու 152-րդ էսկադրիլիաներից էին։

Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի» դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը։

Շարունակելի․․․