Հայաստանը ունի միայն մեկ ճանապարհ՝ անմիջապես լծվել բանակը ոչ թե վերակառուցելուն, այլ` կառուցելուն. Հայկ Մրտիրոսյան

126

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վերլուծել է հնարավոր սպասելիքները ոչ հեռավոր ապագայում: Ստորև ներկայացնում ենք նրա դիտարկումները.

Առնվազն հինգ տարի անց, ընդ որում` ընդգծենք «առնվազն» բառը, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ` նոր պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ` Արցախի վերջին ծվենը պոկելու համար, որի ընթացքում անպայմանորեն հարվածելու է նաև Զանգեզուրին և Երևանի ուղղությանը։

Պատրաստություններն արդեն սկսվել են։ Անօդաչու սարքերի հերթական գործարանն է կառուցվում, սկսվել են բանակի վերակազմավորումներ և տեխնիկական համալրում։ Թուրքիան զորքեր է ուղարկում Ադրբեջան, որոնք միայն ու միայն հարվածային բնույթ ունեն։

Հայաստանը ունի միայն մեկ ճանապարհ.

Անմիջապես լծվել բանակը ոչ թե վերակառուցելուն, այլ` կառուցելուն, արևելյան նոր առաջացած սահմանը ամրացնելուն և նոր սպայակազմի պատրաստմանն ու նոր զինատեսակների ձեռքբերմանը։

Այս ամենն անհնար է անել` առանց այս իշխանության հեռանալու։ Ներքին կյանքի լարվածության վրա հսկայական բարոյական ռեսուրսներ են սպառվելու, որոնք ուղղակի այլևս չկան։

Մյուս կողմից տնտեսական ամենասաստիկ ճգնաժամ է վրա հասնում, որ Հայաստանին ընդամենը երկու-երեք ամսվա ընթացքում ծնկի է բերելու։

Եվ եթե ոչինչ շատ կտրուկ չենք փոխում` Երևանում կտեսնենք ադրբեջանական զինվորներ արդեն ուղղակի հինգ տարուց։

Ինչպես այս պատերազմը ցույց տվեց` Ռուսաստանն ամենազոր չէ և առևտրի արդյունքում ստիպված էր Հարավային Կովկասն այլևս արդեն փաստացիորեն կիսել Թուրքիայի հետ։ Ռուսական գործոնը, ինչպես և այս պատերազմում` չի կարողանալու զսպիչ լինել մեր թշնամու համար, իսկ նրա ելման դիրքերը սեպտեմբերի քսանվեցի համեմատությամբ աննկարագրելիորեն ավելի նպաստավոր են։

Այս ամենի ելքը միայն մեկն է.

Կտրուկ, ամենահամարձակ քաղաքական և տնտեսական լուծումներ, պարտության էջի թերթում և նոր` հույսի մթնոլորտի ստեղծում։ Դա անհնար է կապիտուլյանտների դավաճանական ռեժիմի պայմաններում, որին ժողովրդի գերակշիռ մասն ուղղակիորեն արդեն ատում է։

Առաջ շարժվել է պետք, իսկ դավաճան և քաղցկեղային պալարով ո՛չ բուժումն է հնարավոր լինելու և ո՛չ փրկության հույսը։