Կինը հայոց ավանդական ընտանիքում

73

Կինը հայոց ավանդական ընտանիքում
(Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)
Ռաֆիկ Նահապետյան

Դիպուկ են նկատել օտար ճանապարհորդները, որ հայ կնոջ դիրքը չի կարելի համեմատել Արեւելքի կնոջ հետ, որովհետեւ նա օգտվում է մեծ հարգանքից, որպիսին, թերեւս չունի նույնիսկ եվրոպացի կինը: Ժողովրդական սովորույթներն ուսումնասիրելու նպատակով 1843 թ. Հայաստան այցելած Օ. Հակստհաուզենը նշում է, որ հայկական գերդաստանի ներսում կանանց վիճակը միանգամայն տարբեր է Ասիայի այլ ժողովուրդների հետ համեմատած: Հայուհիներն ունեն «հաւասարութիւն իրաւանց եւ արժանաւորութիւն… առ մահմեդականս կանայք ի ծառայ արանց լինել ծնեալք են քան թէ հաւասար նոցին… Եթէ այրն մեռաւ յառաջ քան զնա, կինն ունի զտեղի նորա եւ յիրաւունս ի մէջ գերդաստանին. Ամենեքին հնազանդին նմա եւ յարգեն որպէս զնոյն ինքն զհայրն գլխաւորն տան (որպէս էր մայրն Աբովեանի), ուստի եւ չէ մարթ հաւասարել զնա ընդ արեւելեան կանայս. Զի նա այսչափ յարգ եւ վարկ ունիորչափ եւ ոչ կանայք Եւրոպիոյ»: Ռուս նշանավոր ճանապարհորդ ազգագրագետ Ն. Ալեքսանդրովը գրում է. «Կանանց դաստիարակումը զերծ չէր որոշ խստություններից, բայց այն չի կարելի անվանել ոչ ստրկություն, ինչպես մահմեդականների մոտ, ոչ ճնշում»: Ահա թե ինչ է գրում Ա. Ելիսեեւը. «Եվ, հիրավի, շատ տեղ այդ երկրում (խոսքը Թուրքիայի մասին է.– Ռ. Ն.) չկա մեկ տուն, որ կառուցած չլինի հայը, չկա մի տեղական կտոր, որ գործված չլինի հայի ձեռքով, չկա պտուղ, որ հայի այգուց դուրս եկած չլինի: Այդ բոլորի համար, անկասկած, աշխատասեր եւ եռանդուն հայը շատ բանում պարտական է յուր գլխավոր օգնական կնոջը: Միշտ գործունյա հայուհին ճշմարտապես կարող է համարվել հայ ազգության գլխավոր հենարանը: Հայ կինը այն շաղախն է, որ միացնում է եւ ամրապնդում է հայ գերդաստանը, ընդսմին եւ հայ ազգությունը գլխովին… անկասկած, Արեւելքում այդ արժանավորագույն կանանցից մեկն է հայ կինը… Հայուհին ամուր պահպանելով գերդաստանի միությունը, ամուսնական անկողնու մաքրությունն եւ ընտանեկան օջախի սրբությունը, դորանով պահպանել է քայքայման հաճախ մերձ եղած յուր ազգի ամբողջությունը… Անխոնջ աշխատասիրությունը հայուհու կյանքի անբաժան հատկանիշն է գլխավոր առաքինություններից մեկը»: Հայ կնոջ տնտեսվար ու գնահատված դերի մասին է բանագետ Ս. Հարությունյանի հետեւյալ բնորոշումը` «Հա անկնիկ տուն, հա անալյուր ջաղաց»: Տղամարդու պատիվը բարձրացնողն էլ է կինը, պատվազուրկ անողն էլ»: