Երկու տող

41

Ներողություն եմ խնդրում, որ այս խոսքերս գրում եմ «տաք դոշակիս վրան պառկած»,  այլ ոչ թե մեր եղբայրների հետ կռվի դաշտում, որ առյուծի պես մարտնչում էին տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ: Փառք ու պատիվ մեր քաջորդի մարտիկներին, որ զոհվեցան հանուն Հայրենիքի: Խորին ցավակցություն բոլոր մայրերին, որ կորցրին իրենց արդար զավակներին:

Խելացի մարդը փորձ կքաղի կյանքի դառը դասերից: Այս օրերի իրադրությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ որոշ հայերի համար մեր ամբողջ պատմության ամենասոսկալի էջերը դաս չեն եղել: Ամբողջ աշխարհով մեկ գոռում ենք, որ թուրքը ոճրագործ է ու չի ճանաչի Մեծ Եղեռնը: Մեղա՛ քեզ Տեր, մեղա՛, քանիցս հայի գլխին թափելու են հերթական փորձանքներ, մինչև ինքը հայը ճանաչի ու դատապարտի իր մեջ դարերով նստած արատները: Վերջերս ևս մեկ անգամ անդրադարձա մեծն Մովսես Խորենացու «Հայոց  պատմությանը»: Ազնիվ խոսք՝ առանց զզվանքի չկարողացա հասնել ավարտին: Ւնչքա՜ն ձախողություն, ինչքա՜ն շահասիրություն, ինչքա՜ն դավաճանություն ու եղբայրասպանություն: Դրանից հետո էլ դժգոհում ենք, որ մեզ չեն հարգում:

Հայրենիք, հարազատներ ու հարևաններ չեն ընտրում: Ւնչը Աստված տվեց՝ այն ստացանք: Ւսկական ցավը մեր մեջ է, և մինչև մենք ինքներս մեր մեջ չդատապարտենք ու չբուժվենք մեր աղտներից, միշտ հաղթված ենք լինելու: Եվս մեկ անգամ համեմատեցեք Հայաստանի քարտեզը Տիգրան Մեծի օրոք և այսօրվանը: Ո՞վ էինք և ի՞նչ դարձանք: Սա, ախր, իր պատճառն ունի: «Կացինը անտառ մտած, ձախ ու աջ ջարդուփշուր է անում, և ծառերի մեջ շշուկ անցավ՝ կացինի բռնակը մերոնցից է…»:

Հերիք եղավ, բոլ եղավ մեր նվնվոցը: Մեր անցյալի լուսապայծառ նկարներով հարբած, գայլի առաջ անկարող գառ չպիտի լինենք, այլ առյուծի ուժ պետք է ստանանք մեր համախմբվածությամբ: Այո՛, ունենք Անդրանիկ Օզանյան: Բայց ունենք նաև Պետրոս Գետադարձ:   

Նորից եմ կրկնում՝ մինչև մենք մեր միջից դուրս չշպրտենք արծաթասիրությունն ու շահասիրությունը և նման բոլոր աղտերը, (մնացածները չեմ ուզում վերհիշել, թող ամեն հայ ինքը իր մեջ ճանաչի իր ցավերը, այլ ոչ թե եղբորը, կամ կողքինինը, կամ հարևանինը):

Հազարապատիկ ափսոսում եմ, որ պատմությունից դասեր չենք քաղում՝ իրադրությունը նորից ցույց տվեց  մեր բացասական և թույլ կողմերը: Եթե մենք այսօր ճիշտ եզրակացություններ չանենք, պատմությունը չի խնայի ու կբնաջնջի աշխարհի երեսից իսպառ: Հասարակությունը արդարների ու մեղավորների բաժանելը անչափ վնասակար է, մանավանդ այս օրերին: Ժամանակն է համախմբվելու և առաջին հերթին՝ գտնելու միայն ու միայն իր մեջ քողարկված բոլոր արատները և արմատախիլ անելու մինչև վերջինը. ծնկի գալ և Աստծու առաջ ներողություն խնդրել հերոսաբար զոհված մարտիկներից ու նրանց ծնողներից. մաքրվել բոլոր մեղքերից ու ախտերից, ոտքի կանգնել ու անառիկ ամրոց դառնալ  կյանքի յուրաքանչյուր փորձանքի դեմ:

                        Փոխարեն «հազար ու մեկ եկեղեցու»՝ սարքել ենք հազար ու մեկ կուսակցություն: Ինչի՞ համար՝ միայն անձնակա՞ն շահի համար, թե ազգի՞ անվտանգության համար: Ամո՛թ, հազար ամո՛թ: Ազատ, անկախ, միացյալ, ծաղկած Հայրենիք – սա է հայի գլխավոր նպատակը: Մնացածը՝ շահասիրություն է: Ունեցեք ոսկի, բայգ ոչ թե ինքնահարստացման համար: Ոսկին ինքնանպատակ չպիտի դառնա, այլ պիտի լինի արարարելու և պաշտպանվելու միջոց:

Դարեր առաջ Ավարայրի դաշտում դրված էր հայի բնաջնջման հարցը արտաքին թշնամուց: Այսօր Հայաստանը նույն վտանգի առաջ է կանգնած, բայց ամենահզոր ու նենգ թշնամին մեր մեջ է: Իրավիճակը հաղթահարելու հնարը մեկն է՝ ճանաչել յուրաքանչյուրի մեջ թաքնված արատները: Հակառակ դեպքում, մեր գերաններով լի կուրացած աչքերով, ի ուրախություն թշնամուն,  մահվան կդատապարտենք միմյանց:

Պետք է խոստովանել, որ մենք հրեշտակներ չենք, և միայն սեխմելով մեր եսասիրության կոկորդին և հարգանք ու սեր տարածելով շուրջներս, կկարողանանք համախմբվել: Ճիշտը, ազնվականությունը, հարգանքը, համարձակությունը, աշխատասիրությունը կամ սուտը, խաբեությունը, դավաճանությունը, վախկոտությունը, չարությունը, եսասիրությունը, ընտրեցեք՝ որո՞նք են ձեր առաքինությունները: Աստծու առաջ խոստովանեք: Ընտրելով վերջինները՝ կզրկվեք «ՀԱՅԿԱԶՈՒՆ» կոչումից և կդառնաք աշխարհի փոշի: Արդարությոունը ընտրելիս՝ Ոգին բարձր պահելով և հաղթահարելով բոլոր խոչընդոտները, միասին պատվավոր տեղ կզբաղեցնեք արժանապատիվ ժողովուրդների շարքում։

Ղեվոնդ Գայբարյան

Ռոստով, Ռուսաստան