Գեղանկարների ցուցահանդես-վաճառք՝ հօգուտ «զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամի

31

Նոյեմբերի 24-ին, երեքշաբթի օրը, ժամը 17։00-ին, Իսահակյան 38 հասցեում գտնվող «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացումը տեղի կունենա արվեստաբան Իվետ Թաջարյանի «Հիշողության կնիքը» խորագրի ներքո ներկայացվող գեղանկարների մեկօրյա ցուցահանդես-վաճառքը։ Նկարչուհու՝ անցյալի ու ներկայի իրականությունների բախման կնիքը կրող գեղանկարների ցուցադրավայրի ընտրությունը բոլորովին պատահական չէ. հենց այս ցուցասրահում է, ինչպես մշակութային ու կրթական այլ օջախներում, որ պատերազմի սկսման առաջին օրերից բազում կամավորականներ առաջնագծի մեր զինվորների համար անհրաժեշտ հանդերձանք եւ իրեր են պատրաստել՝ ճակատ-թիկունք անմիջական կապը ապահովելու նպատակով, ինչպես որ վայել է Սարգիս Մուրադյան մեծ նկարչի թողած հոգեւոր ժառանգությանը։

Ցուցահանդեսի ընթացքում վաճառված ստեղծագործությունների ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրություն (1000+)» հիմնադրամին, որը կանոնակարգված եւ ամենաթափանցիկ ձեւով ֆինանսական օգնություն է ցույց տալիս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամություն ստացած մեր մարտիկներին։