Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում. Միքայել Մինասյան

88

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում, որտեղ նաեւ ինքն էր՝ իր մանկահասակ դուստրերի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի եւ ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից եւ համահայկական ամոթից, ողբում է նաեւ իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաեւ մենք ենք։ Այսօր մահացավ մեր Ռիտան։

Ռիտայի մահվան պաշտոնական պատճառը կորոնավիրուսն է, բժիշկներն ասում են՝ դիմադրողականությունը չբավարարեց, բայց լավ ճանաչելով նրան, ես համոզված  եմ՝ նա պարտվեց կորոնավիրուսին, որովհետեւ սիրտը չդիմացավ։ Ռիտայի սիրտը չդիմացավ  տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը…։

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կապրի այն հազարավոր մանուկների աչքերում ու ժպիտներում, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ լույս աշխարհ եկան կամ երկրորդ կյանք ստացան։

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում, որտեղ նաեւ ինքն էր՝ իր մանկահասակ դուստրերի հետ: Նա կապրի հաղթանակած զինվորների ու հրամանատարների հուշերում, որոնց կերակրում էր, երբ ամուսնու հետ տուն էին դառնում ռազմաճակատից:

Մեր Ռիտան կապրի Շուշիի երկնքում, որտեղ կազմակերպում էր աշնանային փառատոններ ու բարեգործական հավաքներ: Նա կապրի հազարավոր օտարների հուշերում, ովքեր ավելի լավ ճանաչեցին Հայաստանն ու հայերին առաջին տիկին Ռիտա Սարգսյանով։

Եվ նա հավերժ կապրի մեր աղոթքներում ու ապագայի ժպտացող հայրենիքում։ Ապագայի, որում տեղ չեն ունենա եւ վստահեցնում եմ, չե՛ն լինի դավաճաններն ու ազգադավ հանցագործները»։