Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարությունը

55

Միացյալ Նահանգները ողջունում է մարտական գործողությունների դադարեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ և հայտարարում Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի արձագանքմանն ուղղված նոր աջակցության մասինՄիացյալ Նահանգները ողջունում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Վերջին շրջանի մարտական գործողությունների հենց սկզբից Միացյալ Նահանգները կոչ է արել վերջ տալ բախումներին եւ դատապարտել է ռազմական էսկալացիան, որն հանգեցրել է մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Մենք մեկ անգամ եւս մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին եւ կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի ներքո ունեցած իրենց պարտավորությունները։ Վերջին շրջանի մարտերի ավարտը սոսկ առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ կերպով ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ գտնելու հակամարտության տեւական և ամուր քաղաքական լուծում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները լիարժեք կերպով մնում է ներգրավված այս հարցում։

Դիվանագիտական ներգրավվածությանը զուգահեռ Միացյալ Նահանգները տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլար հումանիտար օգնություն՝ աջակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ գործընկեր այլ միջազգային ու հասարակական կազմակերպությունների աշխատանքներին՝ վերջին շրջանի մարտական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց օգնելու հարցում։ Սրանով 2019 ֆինանսաբյուջետային տարվա ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրված ԱՄՆ հումանիտար աջակցությունը հասնում է ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարի, որից շուրջ 3.9 միլիոն ԱՄՆ դոլարն ուղղվել է ՔՈՎԻԴ19-ի համավարակի արձագանքմանը, խոցելի միգրանտներին, տեղահանված անձանց եւ նրանց ընդունած համայնքների աջակցմանը։

Նոր աջակցությունը, որը հատկացվում է ԱՄՆ պետքարտուղարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, կուղղվի հակամարտությունից տուժած անձանց համար պարենի, առողջապահական ծառայությունների, կացարանի եւ այլ անհրաժեշտ օգնության ապահովմանը տեղական օղակում։ ԱՄՆ կառավարության հումանիտար փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետեւանքներն ու ազդեցությունը։ Մենք գնահատում ենք միջազգային հանրության մեր ներկա գործընկերների ներդրումները եւ կոչ անում մյուս երկրներին՝ նոր աջակցությամբ կամ աջակցության ավելացմամբ, միանալ այս ջանքերին։