Բակո Սահակյանի ցավակցական ուղերձը՝ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

37

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որում ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ռազմական, հասարակական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան մասին։

Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության փառավոր հաղթանակների կերտման գործում։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից նա զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ կամավորական գումարտակի հրամանատարից դառնալով լեգենդար գեներալ։

1992-1996 թվականներին Մանվել Գրիգորյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա զինակից ընկերներին»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։