Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքը կազմակերպվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ. Mediaport

73

Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքը կազմակերպվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ: Այս մասին հաղորդում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Այսօր՝ նոյեմբերի 18-ին,  շուրջ 250-300 քաղաքացիներ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքվել էին Հանրապետության հրապարակում. պահանջում էին, որպեսզի Փաշինյանը հրաժարական չտա և նշում, որ պետք է համակերպվել զոհերի և Արցախի մեծ մասի կորստի փաստի հետ: 

Mediaport տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հավաքը կազմակերպվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ: Ցույցի ընթացքում Փաշինյանին աջակցող անձիք բերվել են հիմնականում Շիրակի և Արագածոտնի մարզից: Մարզպետարանները ավելի վաղ զինվորական համազգեստ են բաժանել նրանց:

Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ, «Ապարան ջոկատի» հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որը մոտ 50 մարդ էր բերել իր հետ հրապարակ: 

Ցուցարարների շարքում էր ՀԱԿ անդամ, թալինցի  Ժորա Սափեյանը, որի անունը կապվում  է մի շարք քրեական պատմությունների հետ: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2019թ. նոյեմբերին, երբ Սափեյան եղբայրներն իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով ներխուժել էին «Թալին» ջրօգտագործողների ընկերություն՝ պահանջելով իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սափեյանը նույնպես մի քանի տասնյակ անձից բաղկացած խմբով էր ներկայացել հրապարակ:

Ցուցարարների շարքում էին նաև «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամները, որոնք մի քանի օր է համացանցում հայտարարություններ են տարածում հավաքի մասին:

Աղբյուր՝ Mediaport