Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը վիրավորական հայտարարություններ անելով բանակի հասցեին

47

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն է տարածել,

Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։

Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետևություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլևս ակնհայտորեն թիրախավորված արշավը։

Մասնավորապես, պարոն Քոչարյանը, նախօրեին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի՝ «տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը» հարցին, բառացիորեն պատասխանում է հետևյալը. «Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը փաստում է, որ չունի որևէ իրական հիմք՝ պաշտպանության նախարարին որևէ մեղադրանք ներկայացնելու համար և որ իր ողջ այս արշավն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթե ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի։

Եթե այս արտահայտության հեղինակը լիներ պատահական որևէ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի և ընկալելի կլիներ։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտոնյայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա այս իրադրությունը բացառապես տարակուսանք է առաջացնում։

Ընդ որում, պարոն Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիևառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն, պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Նույնը՝ կապված իր կողմից նշված ՌԷՊ միջոցների մասին։

Արդյո՞ք սա պաշտոնյայի՝ իր տեղում չգտնվելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայությունը չէ։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյո՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն։

Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը, հետևողականորեն անելով վիրավորական հայտարարություններ ողջ բանակի համար, որն, ի դեպ, ներկա փուլում լուծում է գերկարևոր խնդիրներ՝ կապված ուժերի ու ռեսուրսների վերականգնման, վերախմբավորման, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ և այլն։

Պաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան բացարձակապես չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները և անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։

Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարությունը դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը։