27 տարի առաջ ռմբակոծվեցին Վարդենիս քաղաքն ու Մեծ Մասրիկ գյուղը

216

Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում, ինչպես նաև հետագա տարիներին, թշնամական Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահել Վարդենիսի շրջանը:
Բացի արկակոծություններից ու հրթիռակոծություններից, թշնամին շրջանում կիրառել է նաև ռազմական ավիացիա:
Տարածաշրջանի բնակիչները մինչ օրս չեն մոռացել 1993թ. հուլիսի 24-ը:
Այդ օրը հայ-ադրբեջանական սահմանը հատեցին թշնամական երեք ռազմական ինքնաթիռներ և ռմբակոծեցին Վարդենիս քաղաքը, հարևան Մեծ Մասրիկ գյուղը և տարածքով անցող երկաթգիծը (երկածգծի մասով վրիպեցին), որն այդ տարիներին, որպես քաղաքացիական տրանսպորտային միջոց, մեծագույն նշանակություն ուներ նորանկախ Հայաստանի համար:
Ռմբակոծության հետևանքով եղան քաղաքացիական զոհեր, զգալիորեն վնասվեցին բազմաթիվ շինություններ` բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ ևն: Այդ դեպքից հետո էլ Վարդենիսի շրջանի մասին երբեք «չմոռացան» Ադրբեջանում: Թե‘ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, թե‘ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմի ընթացքում շրջանը հրետակոծվել ու գնդակոծվել է: Այսօր, երբ մեր կենսաբանական թշնամուն ենք հանձնում «Վարդենիսի շնչին նստած» Քարվաճառը, դժվար չէ պատկերացնել հաջորդ պատերազմի ժամանակ ինչպիսին է լինելու շրջանի վիճակը:
Որպես տեղացի և ուղղակի հայ մարդ` խորապես մտահոգված եմ և անհանգստացած:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ