Նամակ մեկուսարանից․ Աշոտ Երկաթ Մինասյանի մտորումները

67

Քննիչի աշխատասենյակից ինձ իջեցնում են մեկուսարան /խուց/։ Այն ամենը ինչ կա ինձ մոտ հերթով գրանցում են’ տալիքը ինձ, պահ տալիքը պահոց։

Տղաները իմանալով ով լինելս հուզված են։ Զգացմունքային են, բայց իրենց գործի գիտակն են։

Տեղափոխվում եմ խուց։ Ուրախացնող լռություն է։ Դատարկ է, ինչպես այս պահին գլուխս…։ Ուզում եմ գլուխս խփել մի տեղի հասկանալու’ ցավու՞մ է, թե ոչ, բայց տղաները ասել են չաղմկել։

Սսկված նստում եմ թախտի անկյունում ու սկսում ուսումնասիրել։ Կահավորված է սեղան, աթոռ, թախտ, պահարան, ծածկված սանհանգույց։ Ժպտում եմ ու մտածում, թե ինչպե՞ս եմ օգտվելու սանհանգույցից։ Ամաչում եմ։

Փորձում եմ կահույքս իմ ճաշակով վերադասավորել, չի ստացվում կամ պատին է մեխված կամ հատակին։ Ակամա մտածում եմ, թե քանի քանիսն են անցել այս խցով եւ ինչ ճակատագրի արժանացել։

Լռությունը հաճելի է, եւ սկսում եմ կռվել խոհերիս հետ։

– Թուհ, էլի նույն կռիվը։ Պատերազմի դաշտում կռիվ է, քաղաքական դաշտում կռիվ է, սոցցանցերում կռիվ է, ամենուր կռիվ է … ։ Հոգնեցի։

Սողնակի շրխկոցից սթափվում եմ։

– Սուրճ կխմեք -Իհարկե, շնորհակալ եմ։

Վայելում եմ սուրճս ու մտածում այն ամենի մասին ինչ կատարվում է իմ հետ, մեր երկրի հետ ու կարծում եմ, որ շարունակությունն եմ կատարվածի եւ կատարվելիքի։ Երեւի սկսում եմ ցնորվել կամ ցնորվում եմ։

– Հայր, կներես, որ հաճախ ձայնս բարձրացրել եմ քո հարցասիրության պատճառով։ Հա ի դեպ որդիներս էլ են քո նման հարցասեր։

– Իմ փոքրիկ բալիկներ, ինձ կներեք, ես երեւի չկարողացա արժանի հայր լինել, ես իմ հայրենիքն ավելի շատ սիրեցի քան ձեզ։

– Իմ զինակից ընկերներ, ինձ ներեք, որ ձեզ էլ եմ ինչ-որ առիթով վիրավորել, չգիտեմ տարիքս է, թե նյարդերս են տեղի տվել։

– Իմ զոհված ընկերներ, ինձ ներեք, չկարողացա ձեզ պաշտպանել, պատերազմ էր…։ Հիշու՞մ եք զոհված եղբորս’ Աղվանին էլ եմ դա ասել։

– Իմ անթաղ զինվորներ, իմ բալեք, ինձ կներեք, որ չկարողացա ձեզ հողին հանձնել ու անթաղ թողեցի թշնամու մոտ ամայի դաշտերում։ Իշխանությունը ապիկար էր, խաբեբա, վաճառված ու աթոռին կառչած։

– Իմ հայ ժողովուրդ, ինձ ներեք, որ ժամանակին չկարողացա ներկայացնել այն սուտը, որ իրականության փոխարեն էր մատուցվում։

Խցում արկեր չեն պայթում բայրաքթարներ չեն խոցում ինչպես խրամատում։ Պաշտպանվելու խնդիր էլ չունեմ, որովհետեւ մի ամբողջ ԱԱԾ ինձ է պաշտպանում… ումի՞ց… ինչի՞ց…։

Հոգուս մեջ մի արկ է պայթել, որ ինձ պատեպատ է տալիս, ափեափ է տալիս, աշխարհից աշխարհ է տալիս ու չեմ հասկանում, թե Աստված ինչո՞ւ թողեց, որ ազգս դարձավ օտարի կամակատար’ կորցնելով իր եսը, իր դիմագիծը։

Ժամանակը կանգ է առել, մեռած է։ Ես կորցրել եմ ժամանակի զգացողությունը։ Լույսն ու մութն են դարձել իմ ներքին ժամանակը։ Իմ շատ սիրելի բարեկամներ իմ ներսի մութը դուք եք։ Դուք պիտի ցավի զգացումով հպարտանաք, որ այդ հրամանատարը, որին դատում են ձեր եղբայրն է, ձեր հորեղբայրն է, ձեր քեռին է, ձեր ընկերն է, ձեր ընկերոջ հայրն է, ձեր հրամանատարն է ու պիտի սգվորի տեսք ընդունեք շրջապատում ավելի տեսանելի ընկալվելու եւ շրջապատին ձեր հանդեպ ավելի զգայական դարձնելու համար։

Իսկ գիտե՞ք ինչու է այդպես, որովհետեւ դուք նախիրն եք… այո, այո նախիրը, իմ բարեկամ նախիրը, իմ հարազատ նախիրը, իմ ազգի նախիրը կամ ուղղակի նախիրը։

Իսկ գիտե՞ք իմ ներսի լույսը ովքեր են…։ Ինձ բարեկամ ու հարազատ մնացին իմ լավ ու վատ զինակիցները, իմ զոհված ընկերները, իմ անթաղ ու թաղված զինվորիկները։

– Ինձ կանչում են քննության…։

Ք Երեւան

14.11.2020թ

ԱԱԾ