ԵՂԻՑԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ

626

ԵՂԻՑԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Բաց նամակ՝ ի պատասխան որդեկորույս մոր հարցին` «Հիմա ո՞վ եմ ես․ պարտված զինվորի մա՞յր… ո՞վ»

Մինչ օրս, քնի ու արթնության միջեւ երբեմն երազում եմ այն հրաշքի մասին, որ մի օր պիտի կանգնեմ մի բարձր-բարձր աշտարակի վրա ու պիտի հրամայեմ`

  • Եղիցի՛ զինադադար Երկրի վրա:
    Ու պիտի լինի զինադադար:

Այսօր իմ երազը ուզում եմ փոխանցել ձեզ, սիրելի զավակակորույս մայրեր, քույրեր:
Համավարակի սկզբում, երբ հայտարարվեց գլոբալ զինադադար, ինձ թվաց՝ կատարվել է արդեն երազս, ու միամտաբար հավատացի, որ աշխարհի բոլոր զավակակորույս մայրերի միասնական բռունցքը թույլ չի տա, որ այս բառակապակցությունը երբեւիցե ճանաչվի անվավեր: Ցավալիորեն այդպես չեղավ, եւ առավել ցավալիորեն ես հասկացա, որ չկա միասնական այդպիսի բռունցք, եւ դեռեւս տղամարդու այս աշխարհում կինը շարունակում է հավատալ այն միֆին, թե պատերազմները անխուսափելի են: Որ դրանք հասունանում են մոլորակի խոր շերտերում ու բարձրանում մակերես, ինչպես հրաբխային լավա: Եւ այսպես պարբերաբար հայտնվում է պատերազմըորպես կնոջ անհատական թշնամի, ու խլում մեզ համար ամենաթանկը մեր զավակի-մեր ինքնության, հպարտության ու երջանկության աղբյուրը: Մեր կյանքի իմաստը: Իսկ պատերազմից բոլո՛րն են պարտված հեռանում: Սա մարդու ստեղծած միակ խաղն է, որտեղ հաղթողներ չեն լինում: Դուք, որ ձեր սեփական շուրթերով եք համտեսել կորստյան այդ անբնական դառնությունը (բնության կոդը չի ենթադրում որդու մահըծնողից առաջ), անկասկած մեկ այլ դողով եք սպասել հաղթանակին՝ հույսով, որ այն ինչ-որ չափով կիմաստավորի ձեր կորուստը, կօգնի գոյակցել նոր իրականության հետ: Պատերազմի անփառունակ ավարտը անկասկած ձեր հոգիները լցրել է հավելյալ ցավով ու կսկիծով, ցնցել ձեր ու ձեր որդիների հետմահու ինքնության արմատները: Որքան ցավալի, նույնքան եւ հասկանալի ու բնական է այդ: Սիրելի քույրեր: Երանի արյունը թանաքի վերածելու հմտության փոխարեն ինձ տրված լիներ ձեր սիրելի որդիներին կյանք վերադարձնելու աստվածային շնորհը կամ գոնե ձեր աղի արցունքը թեկուզ մի պահ երջանկության արցունքի փոխակերպելու ալքիմիան: Ցավոք, այս պահին իմ միակ միջոցը այս գրիչն է, որով փորձելու եմ ցրել ձեր մեջ խտացած մղձավանջը, որպես մայր, քույր ու հոգեբան, որպես պատերազմի անատոմիան սերտած ու խաղաղություն պարտադրելու երազի վրա սեւեռված աշխարհի քաղաքացի, ով 44 օր անընդմեջ վախով ու հիացումով հետեւել է անհավասար մարտի մեջ նետված արիասիրտ ձեր նոր Հայկերին ու Մհերներին, ովքեր պայքարում էին ոչ միայն հազարամյակների սեփական հողի վրա ապրելու իրենց իրավունքի համար, այլ նաեւ ընդդեմ համաշխարհային ահաբեկչության պահպանելու բարու հաղթանակը ու համամարդկային բարձրագույն արժեքները: Մինչ թշնամին ցնդաբանում էր, ձեր որդիները զբաղված էին նոր էպոս ստեղծելով: Ահա թե ովքեր են ձեր որդիները, եւ դուք այդ առյուծների հերոսական մայրերն եք՝ անկախ պատերազմի ելքից: Մինչեւ իսկ ուժերի գերակայության դեպքում պատերազմը երբեք հաղթանակ չի խոստանում, իսկ ա՛յս պատերազմում այն կդիտվեր որպես ֆանտասմագորիա ու թերեւս հնարավոր կլիներ, եթե…
Ցավոք սրտի, պատերազմը ոչ միայն առասպելական հերոսների, այլ նաեւ նույնչափ առասպելական հակահերոսների թատերաբեմ է, եւ ձեր ծնած ամեն Մհերի ու ամեն Հայկի դեմ կռվում էին նաեւ նրանք՝ այդ հակահերոսները՝ ձեր որդիների զոհողությամբ մինչեւ այս կետը հասցված պատմության անիվը պատեհապաշտորեն ետ շրջելու բացահայտ մտադրությամբ եւ կրքի միեւնույն էպիկական թափով, վերստին հասկանալի դարձնելով, թե ինչո՞ւ պատմականորեն իր մարտական արվեստով փայլող ու ծովից ծով ձգվող կայսերական Հայաստանը դարերի ընթացքում անվերջ տարածքներ է կորցրել ու կորցրել: Ձեր որդիների սխրանքով միջազգային հանրության ընկալման մեջ հայ մարդու հոգեպատմական կերպարը տեղափոխվեց մեկ այլ հարթությունորպես վեհ ու վերացող տեսակ, որի պահպանությամբ պարտավոր է շահագրգիռ լինել ցանկացած հոգեւոր մարդ կամ կառույց: Այս պարտությունը ձեր որդիների էությունը չի կարող փոխել: Ընկնելու պատճառով տաճարը չի դադարում տաճար լինելուց, եւ երբեմն հենց ընկնելու ցավից է ծնվում վերստին հառնելու կիրքը որպես առավել կատարյալ կառույց, ինչպես ներկայիս Գերմանիանորպես Եվրոպայի առաջատար, ինչպես Իսրայելը որպես Հոլոքոստ տարած երկիր: Կորստյան ցավից ու զայրույթից ձեր մեջ կուտակված էներգիան նույնպես ճիշտ թիրախավորելու դեպքում կարող է հրաշքներ գործել՝ պարտադրելով համաշխարհային անվտանգության նոր, ավելի արագ ու վստահելի մեխանիզմներընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն այն գործակալների դեմ, ում թերացման պատճառով խախտվել է թեկուզ մեկ մարդու իրավունք, ընդհատվել թեկուզ մեկ մարդու կյանք: Որպես իր տեսակի մեջ աննախադեպ հիբրիդային պատերազմ, որտեղ հակամարտության թեւերը բազմաթիվ էին (Թուրքիա, Ադրբեջան, ահաբեկիչ, ներքին թշնամի…), ձեր տղաների կեցվածքը լակմուսի թղթի պես բացահայտեց ժամանակակից աշխարհի դեմքը, որտեղ միջազգային հանրության լռությունը արյունահեղությանը մասնակցեց որպես հակամարտության հինգերորդ թեւ՝ պարզ դարձնելով, որ այս երեսուն տարիների ընթացքում, բացառությամբ հայկական հարցից, այդ հանրությունը չի տեղեկացվել հայ ժողովրդի կամ պետականության մասին եւ ուղղորդվել է բացառապես թուրքական կեղծ ինֆորմացիայով ճանաչվել որպես ագրեսոր եւ ցեղասպան:
Մենք ապրում ենք ապատեղեկատվության ու տեղեկատվական մանկապարտեզի ժամանակներում, որը որոշ մարդիկ հաճախ շփոթում են հանրագիտարանի հետ: Այս քաոսից յուրաքանչյուր ոք ներքաշում է այն, ինչը ամրապնդում է իր նախնական համոզմունքըհաստատում իր պայծառատես լինելը: Գրաքննությամբ չֆիլտրվող տեղեկատվության ալգորիթմերը միտված են վերջնականապես շփոթի մեջ դնելու մարդու միտքը՝ հասարակությանը տանելով շիզոֆրենիայի, անհանդուրժողականության ու ֆաշիզմի, որը այս անգամ կարտահայտվի ոչ թե տեղայնորեն, այլ գլոբալ չափերով, քանի որ գլոբալ է ինքը այդ հարթակը: Այն, ինչ նախկինում արվում էր երկարատեւ քարոզչությամբ եւ արտաքին ինֆորմացիան սահմանափակելով, հիմա արվում է ինֆորմացիայի հեղեղ ստեղծելով: Լսողի միտքը շփոթեցնելու եւ ականջը լվալու տաղանդը մեր թշնամուն տրված է ի վերուստ, ու հիմա ժամանակն է հանրային ականջը ախտազերծելու եւ այն մեր ճշմարտությամբ ողողելու: Այլապես հանրային մտածողության մեջ մենք կշարունակենք մնալ այնպիսին, ինչպիսին մեր թշնամին է ցանկանում: Նպատակայնորեն կեղծ ինֆորմացիա տարածելու համար հարկավոր է ստեղծել պատժամիջոց, քանի որ մարդու միտքը կողոպտելու համար պատիժը ավելի պակաս չպիտի լինի, քան գրպանահատության դեպքում, ու ոչ մի տեղ չի գրված, որ ազատ հասարակության մեջ մարդը ազատ է մոլորեցնել իր կողքի մարդուն կամ հանրությանը: Սխալ չի լինի ասել, որ այս պարտությունը նախ եւ առաջ համաշխարհային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության պարտությունն էր, երեսնամյա անպատասխանատու քաղաքականության, բաժակաճառերի մակարդակով տարված դիվանագիտության, ինչպես նաեւ տեղեկատվական պատերազմի: Բոլոր այս ոլորտներում մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու: Համազգային ցասումի ու ողբի այն էներգիան, որ այս օրերին կուտակված է մեր մեջ, հարկավոր է ուղղորդել այս խողովակներով՝ թույլ չտալով, որ շահախնդիր ոմանք այն վիժեցնեն կամ օգտագործեն ընդդեմ մեր միասնական երազի:
Ես հավերժական սգվորն եմ
չորս սեւ գլխաշորերով
պապիս սպանեց թուրքը
հորս սպանեց գերմանացին
տղայիս սպանեց ազերին
իսկ աղջիկս երեկ է տղա ծնել
Եւ հանուն ձեր այս աղջիկների ու նրանց տղաների է, որ հազարամյակներով խտացած ու այսօր նորոգված վրեժի միասնական էներգիան պիտի ներդրվի տղամարդու ձեռքով ու նրա հորմոնալ ագրեսիան եւ փառատենչությունը սնող պատերազմի հրեշը վերջնական պարտության տանելու վրա: Սա երբեւէ եւ ամենակարեւոր պատերազմն է լինելու, մարդկության վերջին պատերազմը, որն առաջին անգամ պատմության մեջ տանելու է կինըդուք: Ատոմային էներգիայից հզոր ու երբեւէ չփորձարկված այս նոր ու կոլեկտիվ ուժով է մեկընդմիշտ ծնկի գալու ու իր խմած հազարամյակների արյունը մինչեւ վերջ փսխելու պատերազմը մահացած խղճի ու խելագարված բարոյականության այդ հրեշը: Այո՛, աշխարհն այսպիսին է նաեւ այն պատճառով, որ կինը հավատացել է տղամարդու աշխարհում որպես հավերժական սգվորի իր դերի անխուսափելիությանը, դրա պատմական անհրաժեշտությանը:
Միայն ձեր ցասումով ու ձե՛ր երեւակայությամբ է հնարավոր պարտության տանել տղամարդու ֆիզիոլոգիայի ու հոգեբանության չափերով ձեւված այս խելագար աշխարհը, որտեղ ամենից արագ զարգացողը սպանելու տեխնոլոգիան է, իսկ ամենից արագ ընդլայնվողըզինվորական գերեզմանոցները – ճերմակ համահավասար սալիկների վրայից աշխարհի սառը աչքի մեջ նայող ձեր որդիների ու աշխարհի մնացած հերոսների ընդհատված տաք երազներով – ինչպես չարի ծաղիկներ: Միայն ձեր ձեռքով կարող է նախագծվել ու կառուցվել կնոջ աշխարհը, խաղաղ ու բարի այն իրականությունը, որը կապահովվի ձեր որդիների ու դուստրերի երազի շարունակականությունը: Որտեղ ոչ ոք չի վերապրի այն, ինչ դուք ապրեցիք եւ ոչ մի հերոսի մայր իր ողբի միջից չի հնչեցնի միեւնույն հարցը «Ո՞վ եմ ես … հիմա … »:
Սիրելի մայրեր ու քույրեր, դուք, որ արդեն բախվել եք պատերազմի հետ որպես անհատական թշնամու, կորցրել ձեզ համար ամենաթանկըձեր որդիներին, ակամայից անդամագրվել եք այլեւս կորցնելու ոչինչ չունեցողների շարասյունին, ու միայն ձեզ է տրված մահապարտին հատուկ բացարձակ ազատությունն ու հեգնանքը, ինչպես նաեւ մետաղական կրունկների այն ամրությունը, որով հնարավոր է վերջնականապես ու ամբողջությամբ ճզմել պատերազմի խավարասեր բլոճը: Միայն ձեր միասնական բռունցքի էպիկական ուժով է հնարավոր փշրել տղամարդու աշխարհում ու տղամարդու կողմից ստեղծված պատերազմի անխուսափելիության միֆը: Սա աշխարհի ամենամեծ սուտն է, որը ապահովում է աշխարհի ամենաեկամտաբեր զենքի արտադրությունը: Պատերազմը նաեւ այն ալտերնատիվ բեմն է, որտեղ դերասանական տաղանդից զուրկ տգեղ ու իմպոտենտ իշխանավորը փորձում է Աստծո դեր խաղալ: Իզուր չէ, որ պատերազմը եւ քաղաքականությունը հաճախ դիտվում են որպես խաղ, իսկ երկրները որպես խաղացողներ: Բավական է հիշել Էրդողանի լկտի կեցվածքը, որով նա մատ էր թափ տալիս գերտերությունների վրա, ու բացահայտ ցինիզմը, որի համար, պարզվում է, նա նախօրոք էր վճարել: Իսկ մեր դաշնակիցը իր հանճարեղ շախմատային խաղով եւս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքականությունը բարոյականության ու խղճի հետ ոչ մի կապ չունի: Որ Հայաստանը իրեն հետաքրքրում է զուտ իր պետական շահից ելնելով ու միայն որպես տարածք՝ հնարավորինս փոքրաթիվ, թույլ ու կոռումպացված: Որ չի նեղացնելու բարեկամ Ադրբեջանին, որի հետ կապել է իր տնտեսական ապագան: Որ չի սրելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Ու ոչ ոք նրան չի կարող մեղադրել հայրենապաշտության մեջ: Ես, որ մեծացել եմ արական ինտելեկտի ու պրոֆեսիոնալ շախմատի մթնոլորտում, առաջին անգամ ցավով էի դիտում այս խաղը, որի ողջ ընթացքում նա առանց որեւէ դիմախաղի հետեւում էր մեր էմոցիոնալ վարչապետի բլեֆի անընդունակ դիմախաղին ու ինչպես էկրանի վրա փորձում գումարել անցնող օրերն ու ընկնող տղաների թիվը՝ բաց չթողնելու հոգեբարոյական ընկրկումի այն ճշգրիտ պահը, զենք ու զորքի պակասի եւ դասալիքների ակտիվության հետևանքով տեսանելիորեն հասունացող անհուսության այն ճշգրիտ չափաբաժինը, որից հետո վարչապետը ստիպված էր լինելու կուլ տալ պարտության դառը դեղահաբը որպես քաղաքական անձնասպանություն, ստորագրելով փաստաթուղթ, որը սպասարկելու էր բացառապես ռուս-թուրքական շահին, փորձելով դրանով փրկել ձեր որդիների բազմահազար մյուս զինակից ընկերներին, քաղաքն ու խաղաղ բնակիչներին: Այն ամենը, ինչը դեռեւս հնարավոր էր փրկել: Ձեր որդիները, ի տարբերություն վարչապետի, չհամտեսեցի՛ն պարտության դառնահամը: Նրանք դեպի անմահություն գնացինանկախ ու երջանիկ հայրենիքի երազով: Նրանք քաղաք չվերադարձան ու չտեսան թշնամու կողմից ավերված եկեղեցու գմբեթն ու մանկապարտեզը: Նրանց փոխարեն, փաստաթղթի թանաքը դեռ չչորացած, քաղաք հասան զինվորների թիկունքը լքած հակա-հայկերն ու հակա-մհերները, որպեսզի բաց չթողնեն պարտության ու ստորացուցիչ փաստաթղթի պատճառով առաջացած հանրային զայրույթի ու հուսախաբության ալիքի վրա բարձրանալու ու ետ շրջելու թեկուզ դանդաղ ու սխալներով, բայց դեպի առաջադեմ հասարակություն տանող պատմության անիվը: Շնչահեղձ հասան, որպեսզի մի քանի րոպեում ջնջեն ձեր որդիների հերոսական էպոսը, իրենց բարբարոսությամբ դիմազրկեն ձեր որդիների զոհողությամբ վեհացած հայի կերպարը: Քաղաք հասան լքելով առաջնագծում դեռ կռվող տղաներին ու պատմության մեջ առաջին անգամ զինված հայուհիներին: Հասանմեղավորներ փնտրելու ու կոչեր հնչեցնելու համար, մինչդեռ սրանք ոչ թե միմյանց ցնցելու, այլ միմյանց ուսի վրա արտասվելու սգո օրեր են: Սիրելի քույրեր՝ թովիչ ու թաց աչքերով: Հերոսական տղաների հերոսական մայրեր: Ձեր որդիները կշարունակեն մնալ ոչ միայն ազգային, այլ նաեւ համամարդկային հերոսներ, որովհետեւ անկախ պատերազմի ելքից նրանք քաջաբար ու միայն էպոսի հերոսին տրվող անհասկանալի լավատեսությամբ ու ժպիտով կռվեցին երբեւէ եղած ամենաանհավասար մարտի մեջ՝ համաշխարհային ահաբեկչության չորսգլխանի վիշապի դեմ հանուն արդարության ու բարու հաղթանակի, հանուն միակ բացարձակ արժեքիմարդու իրավունքի ու երջանկության, հանուն առաջադեմ, խաղաղ ու երջանիկ աշխարհի: Քչերին է տրվում զոհողության այսքան արժանի խորան: Նրանք ընտրյալներ են: Նրանց կռիվը յուրաքանչյուր ազնիվ մարդու մեջ վերականգնեց հավատը եւ առաջ բերեց նրանց հոտնկայս ծափահարելու ցանկություն: Դուք հաղթանակած որդիների մայրեր եք ու թույլ չտաք, որ պատեհապաշտության ու սադրանքի մթնոլորտը երբեւիցե կասկածի տակ դնի այդ: Սա համազգային փորձություն էր, որից մենք դուրս կգանք ավելի միասնական, ավելի ուժեղ ու ավելի հստակ տեսլականով: Կորուսյալ ծովից ծով Հայաստանի փոխարեն կկառուցենք օվկիանոսից օվկիանոս ձգվող վիրտուալ Հայաստան ու ձեր միասնական ուժով ու վճռականությամբ խաղաղություն կպարտադրենք ողջ աշխարհին: Ես խորապես վստահ եմ, որ խաղաղության հանճարը ծնելու է հայ կինը: Որ հազարամյակների ընթացքում մեզ տրված տառապանքի, կորստյան ու ցավի խտացումով էր միայն ստացվելու վրեժի այն քանակը, որն անհրաժեշտ է աշխարհը վերափոխելու համար: Դո՛ւք եք լինելու խաղաղ աշխարհի առաջատարները՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող միեւնույն ճակատագիրը ձեզ հետ կիսող այլ կանանց ու քույրերի հետ: Միայն դո՛ւք եք ճանաչում պատերազմի դեմքը ամբողջությամբ: Միայն ձե՛զ է տրված այն սպանելու մոտիվը: Իսկ ձեր որդիները, որ նաեւ մե՛ր որդիներն են, վերեւից հսկելու են իրենց գործի շարունակությունը, իսկ նրանց ոգին էպոսի տրամաբանությամբ քարի մեջ թաքնված, համբերությամբ սպասելու է, մինչեւ կրկին կբացվի Արարատյան դաշտի խաղաղ առավոտը, կծփա ոսկե արտը ցորենի հատիկը – ձվի չափ մեծ:
Սոնա ՎԱՆ
ԱՄՆ, Լոս Անջելես