Քերի Քավանո. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում չպետք է այս կերպ ավարտվեր

66

Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններն այս կերպ չպետք է ավարտվեին, գրում է Moscow Times թերթի կայքում Լեռնային Ղարաբաղի մասին հոդվածի հեղինակ, ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

«Դրանք կարող էին վատթարանալ, եթե դրանց թույլ տրվեր շարունակել: Բայց, ցավոք, եղել են նաեւ տասնամյակներ կորցրած դիվանագիտական հնարավորություններ, երբ մարդկային այս աղետից հնարավոր էր ընդհանրապես խուսափել եւ ավելի շուտ խաղաղություն հաստատել այս անհանգիստ տարածաշրջանում:

Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին, արագորեն վերջ դրեց 44-օրյա բուռն մարտերին:

Պատերազմն արդեն խլել է հազարավոր կյանքեր, հանգեցրել է ավելի քան 130 000 մարդու տեղահանման եւ հսկայական վնաս է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ սկսած բազմաբնակարան շենքերից եւ բնակելի տներից, վերջացրած հիվանդանոցներով, դպրոցներով եւ ձեռնարկություններով:

Ադրբեջանի հաջողությունը ռազմի դաշտում օգնեց Բաքվին կրկին վերահսկել հսկայական տարածքները, որոնք հայկական ուժերը 1990-ականների սկզբին գրավել էին որպես անվտանգության բուֆեր:

Պատերազմի ավարտին Շուշիի՝ պատմական, մշակութային եւ կրոնական խոշոր կենտրոնի գրավումը եւ հայկական ուժերի անխուսափելի կրախը կասկածի տակ դրեցին ինչպես շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի, այնպես էլ տարածաշրջանում մնացած տասնյակ հազարավոր բնակիչների ճակատագիրը:

Դա նաեւ մեծացրեց Երեւանի հուսահատ քայլի դիմելու ռիսկը, որը կարող էր էլ ավելի սրել հակամարտությունը, հնարավոր է՝ ռուսական եւ թուրքական ռազմական ուժերի ակտիվ ներգրավմամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի օդում թռչող ռուսական ուղղաթիռի խոցումը ընդգծեց այս աճող անկայունությունը:

Հապճեպ համաձայնություն

Ուստի անակնկալ չպետք է լինի, որ արագ գործողություններով Մոսկվան ներգրավվեց: Չպետք է զարմացնի նաեւ, որ, ի տարբերություն հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից առաջադրված երեք նախորդ համաձայնագրերի, դա պարզապես հրադադար չէր: Այս դեպքերից յուրաքանչյուրում ռազմական գործողությունները սկսվել են դրանց ավարտից հետո մի քանի ժամվա ընթացքում: Իրոք, Վաշինգտոնում ընդամենը երկու շաբաթ առաջ կնքված հրադադարը, ըստ հաղորդումների, տեւել է մի քանի րոպե»,- գրում է Քերի Քավանոն: