Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կոչը դատավորներին

86

Հարգելի գործընկերներ,


Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու  համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն:


Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատութուն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով:
Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:


Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվել ենք դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Ես, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երդվել եմ նաև իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին.
1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով,
2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից,
3) որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան