Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

30

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում:

«Ուրախ եմ, որ արդեն կան հաջողություններ, և որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից: Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն և նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին:

Կրկին իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և հավաստիացնում, որ նրանց հարազատը նաև իմ հարազատն է, նրանց ցավը նաև իմ ցավն է, նրանց հպարտությունը նաև իմ հպարտությունն է:

Պետք է բոլորս ամուր լինենք և շարունակենք նահատակների կիսատ թողած գործը՝ հանուն նրանց վառ հիշատակի ու Հայրենիքի հարատևման»,- գրել է Արտակ Բեգլարյանը: