Պետք է կասեցնե՛լ պետության գահավիժումը, և այն պետք է սկսել օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով․ Ռ․ Հակոբյան

54

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիմում է  ԱԺ «Իմ քայլը»խմբակցության  պատգավորներին․

Փաստորեն, ԱԱԾ նախկին տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Մանուկյանին ձեռբակալելու հրամանը չկատարելու պատճառով։ Եվ այս քայլին դիմում է դատական իշխանության անկախության համար փրփրաբերան պայքարող երեկվա ընդդիմադիրը։

Լա՛վ, դուք չե՞ք տեսնում, որ այս մարդը տառապում է հոգեկան խնդիրներով և մեկ օր ավել իշխանության մնալու համար իր նեռությամբ ու հերոստրատությամբ պատրաստ է կործանել նաև Հայաստանը։ Չե՞ք տեսնում, որ պետության համար ճակատագրական որոշումներ ընդունելուց բացահայտ անտեսել և արհամարհել է ձեր գոյությունը։

Բայց, կարծում եմ, հասկանում եք, որ ի պաշտոնե նաև դու՛ք եք պատասխանատվություն կրում նրա կայացրած ազգակործան որոշումների համար։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ավել քան երկու հազար զոհերի արյունը ընկած է նրա խղճին և պատրաստ եմ խոսքս ապացուցել ցանկացած ձևաչափով նրա հետ որևէ հեռուստաբանավեճի ժամանակ, եթե, իհարկե, նա կհամարձակվի գնալ այդ քայլին։

Դիմում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգավորներին՝ նրա հետ միասին ձեր խղճին մի՛ վերցրեք զոհված հերոսների արյունը։ Նա ազգի և պետության համար կարևորագույն որոշումներ կայացնելիս անտեսել է ձեր գոյությունը, որպես օրենսդիր մարմնի քաղաքական մեծամասնություն։ Եվ նա այդ քայլին գնացել է ոչ միայն կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, նաև քաղաքականապես և բարոյապես ոչնչացրել է իր քաղաքական թիմին, ձե՛զ։

Դու՛րս եկեք «Իմ քայլը» խմբակցությունից, դարձե՛ք անկախ պատգամավորներ։ Ստեղծված իրավիճակում դուք կարևոր անելիքներ ունեք։ Կարծում եմ ձեզանից շատերն են արդեն համոզվել, որ նա պետք լքի զբաղեցրած պաշտոնը։

Պետք է կասեցնե՛լ պետության գահավիժումը։ Եվ այն պետք է սկսել օր առաջ նրա հրաժարականով։