Կրեմլ. Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են

56

Դավաճանության համար կշտամբանքներն առ այն, որ Ռուսաստանն իբր էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բացարձակապես անհիմն են: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը RT հեռուստաալիքին հրապարակված հարցազրույցում:

«Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»,- պատասխանել է Պեսկովն այն դիտողությանը, թե իբր Ռուսաստանի Դաշնությունն էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, իսկ որոշ հայեր Ռուսաստանի դիրքորոշումը արպես դավաճանություն են որակում:

Մոսկվան թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի բարեկամներ է համարում, ասել է Պեսկովը: «Իհարկե»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին` արդյո՞ք Մոսկվան շարունակում է միաժամանակ բարեկամ համարել եւ Ալիեւին, եւ Փաշինյանին: 

«Միայն այս վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ (մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ, մենք ՀԱՊԿ-ում ենք, Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել), եւ նույնը ադրբեջանցիների հետ է, եւ մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի հետ թանկ է մեզ համար, միայն այս մոտեցումը թույլ տվեց հենց Ռուսաստանին անաչառ միջնորդի դեր խաղալ [Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում]»,- ընդգծել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ձեւակերպումներ, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արյունահեղությունից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությանը նախորդել են «երկար տարիներ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների եւ առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման ինչ-ինչ ձեւակերպումներ առաջարկելու փորձերը»։

«Այդ ձեւակերպումները գոյություն ունեին, դրանք լավ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել,- ասել է Պեսկովը։ – Եթե դրանք իրականացվեին, անգամ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունահեղ պատերազմը չէր լինի եւ կհաջողվեր խուսափել հազարավոր հայ երիտասարդների եւ երիտասարդ ադրբեջանցիների զոհվելուց»։

News.am