Երևանից ավտոբուսները Ստեփանակերտ կտեղափոխեն Հայաստանում ապաստանած արցախցիներին

37

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ  ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Նա կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:

Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում »: