«Ես ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել». Վալերի Օսիպյան

54

Ես ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին մասնակցելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հարցին՝ արդյոք միակ հնարավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է՝ Օսիպյանն ասաց. «Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա»։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականը պահանջում են նախկին իշխանությունների ջարդարար խմբերը՝ Օսիպյանն արձագանքեց. «ՀՀ քաղաքացին քաղաքացի է, նախկիններում էլ կան նորմալ, լավ, բանի պիտանի անձնավորություններ մեր պետության ու հասարակության համար եւ կան սրիկաներ, ներկայիս իշխանությունում էլ կան սրիկաներ, որոնք բանի պիտանի չեն։

Նախկին ոստիկանապետն ասաց, որ այստեղ է նաեւ այն բանի համար, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է ձերբակալված. «Այստեղ եմ նաեւ դրա համար, որ ինքը այս պահին ձերբակալված է։ Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ շուրջ 25 տարի։ Այնպես չէր, որ ինքը դարձել էր ԱԱԾ տնօրեն, ես Ոստիկանության պետ, նոր էինք ծանոթացել»։

Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում արդյոք ինքն ապօրինի հրահանգներ ստացե՞լ է՝ Օսիպյանն ասաց. «Ստացել եմ բայց չեմ կատարել։ Ես ունեմ փոքր երեխաներ, մտահոգված եմ իրենց ապագայի համար, ես այստեղ եմ, որովհետեւ բոլորն են այստեղ»։

Հիշեցնենք, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Վալերի Օսիպյանը, որը այդ պահին զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը, 2018թ. մայիսի 10-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:

2019թ. սեպտեմբերի 18-ին նա ազատվեց Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից՝ հենց նույն օրը նշանակվելով վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվեц վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

News.am