Եթե պահանջը փաստաթղթից դուրս գալն է, ապա Նիկոլը մնալու է. քաղաքագետ

66

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծել է ներքաղաքական իրավիճակը և ներկայացրել քաոսից դուրս գալու հավանական ելքերը.

Հայաստանի քաղաքական դերակատարներն այդպես էլ քաղաքական մտածողություն ձեռք չբերեցին։ Սխալ դրված խնդիրն ու սխալ կարգախոսը տանում է տապալման, և՝ հակառակը։

17 կուսակցությունների առաջ քաշած կարգախոսները տանում են փակուղի, համապատասխան արդյունքներով։

Նիկոլը Պարտված է, նա տապալել է ամեն ինչ ու պետք է հեռանա, սակայն ի՞նչ է առաջարկում ներկայիս ընդդիմությունը։

Եկեք սթափ գնահատենք իրադրությունը։ Մեր տարածաշրջանում մեծ աշխարքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Մեծ խաղացողներն են որոշում կայացնում, մեր խնդիրն է դրանցից օգտվել, ինչը պահանջում է ճիշտ կողմնորոշվել իրավիճակում։ Իշխանության փոփոխություն պահանջող ուժերը պետք է ստեղծված իրողությունները ճիշտ գնահատեն, որովհետև փոխել իշխանությունը, նշանակում է ուրվագծել Հայաստանի հնարավոր նոր կառավարության քաղաքականությունն, ինչը պետք է «խոսա» իրողության հետ։

Եթե առաջ քաշած կարգախոսները դրանց մեջ չեն տեղավորվում, ապա իշխանության փոփոխություն չի կայանա, ինչը հիմա անհրաժեշտ է։ Նորից եմ ասում, եթե պահանջը փաստաթղթից դուրս գալն է, ապա Նիկոլը մնալու է։

Հիմա անցնենք բուն թեմային։

Եթե ընդդիմության կարգախոսն է հրաժարվել Նիկոլի կողմից ստորագրած վատագույն փաստաթղթից, նշանակում է չտեսնել իրականությունը և Հայաստանին մղել նոր պատերազմի, ինչին հիմա պատրաստ չենք (նաև հասարակությունը պատրաստ չէ), նաև նշանակում է անընդունելի լինել արտաքին խաղացողների համար, որոնք արդեն զինված ուժեր են մտցրել տարածաշրջան և իրենց աշխարքաղաքական խնդիրներն են լուծում։ Գնում է մեծ մրցակցություն, որտեղ մենք ազդեցության սահմանափակ ռեսուրսներ ունենք։

Պետք է խնդիրները ճիշտ դնել, լինել անկեղծ հասարակության հետ, չխաղալ նրա էմոցիաների վրա ու լինել կոնստրուկտիվ արտաքին խաղացողների համար։

Խնդիրներն առավել քան պարզ են․

– ընդունել փաստաթուղն, այսինքն ընդունել աշխարքաղաքական նոր իրողությունը (որքան էլ դա ցավալի չլինի, գնացքն արդեն գնացել է),

– սերտ աշխատել Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս երկրների հետ փաստաթղթի շրջանակում հնարավոր ձեռքբերումների համար (նաև տարածքային՝ Հադրութ և այլն), իսկ դա հնարավոր է, ինչպես նաև ապագայում ( գուցե մոտ ապագայում), լուծել Արցախի կարգավիճակի խնդիրը,

– կազմակերպել արցախցիների վերադարձը,

– ներկայացնել ազգային օրակարգ ունեցող ժամանակավոր կառավարության կազմն ու մի քանի ամսվա ծրագիր,

– գարնանը պատրաստվել ԱԺ նոր ընտրություններին,

– հա, չմոռանալ նոր վարչապետի թեկնածուի անունը հայտնել։