Եկեք խորհրդարան եւ քվեարկեք Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին, մենք ձեր անվտանգությունը երաշխավորում ենք․ Արծվիկ Մինասյան

43

Դուք որ ըստ օրենքի՝ ժողովդրի ընտրյալ եք՝ ինչպես դուք եք հաճախ ասում, այսօր ձեզ ընձեռված է հնարավորություն ապացուցելու, որ դուք պատրաստ եք հանուն հայ ազգի իրավունքերի կատարել կարեւոր քայլ։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Կարեւոր քայլ է՝ գալ խորհրդարան եւ քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության  օգտին։ Այս քայլով դուք կկարողանաք  հայոց պատմության մեջ մնալ որպես պատգամավորներ, որոնք կարեւորագույն պահին պահպանեցին ու պաշտպանեցին հայ ազգի պատիվը։ Եթե անհրաժեշտ է, որ ձեր անվտանգությունը երաշխավորվի, ապա մենք երաշխավորում ենք դա։ Մենք պատրաստ ենք նաեւ այցելել ձեր տներ, օգնել ձեզ եւ բերել ԱԺ, առանց որեւէ բռնության փորձի։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ի վիճակի ենք դա անել, մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը»,- ասաց նա։

 Դիմելով ոստիկանական ուժերին, Արծվիկ Մինասյանը նշեց, թե օրենքի համաձայն՝ իրենք պետք է աջակցեն խաղաղ հավաքին։

«Հավաքը եղել է խաղաղ, եղել է պահանջատիրության հավաք, որի հիմքում մեր, ձեր, պետականության արժանապատվությունն է։ Հասկանո՞ւմ եք, եթե մենք այսօր չկատարենք այդ քայլը, վաղն ուշ է լինելու։ Վաղը այդ փաստաթղթով ամրագրված տարածքները հանձնելու դեպքում այլեւս որեւէ հայ չի կարող ոչ միայն վերադառնալ Արցախ, այլեւ անգամ ոտք չի կարող դնել հայրենիք, մոմ վառել այնտեղ»,- նշեց նա։

News.am