Ես անձամբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար, շարունակելու եմ կրել այդ պատասխանատվությունը. Փաշինյան

73

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը» վերնագրի ներքո քիչ առաջ հերթական «լայվ» տեսակապով խոսեց հայաստանյան իրավիճակի մասին: Նա նշեց, որ 2,5 տարում բանակում մի շարք միջոցառումներ են իրականցվել: «Գուցե պետք էր ոչ թե A միջոցառումն իրականացվեր, այլ B-ն իրականացվեր,  գուցե մենք չենք կարողացել այնքան  գումար դնել բանակի վրա, որքան պետք էր: Ես միշտ խոսել եմ  քաղաքացու գիտակցության, ՀԴՄ կտրոնների մասին, հարկերից չխուսափելու մասին, որպեսզի այդ քայլերով զինվորի հացը չգողացվեր: Կոռուպցիոն գործերով չենք կարողացել բավավար միջոցներ գեներացնել ու այդ գումարը ուղղել բանակին, բայց այդ պլանը առջևում դեռ  կա: Այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ, այո, մենք ընկել ենք,  բայց չենք ծնկել, կանգնել ենք տղամարդավարի միչև վերջ ու ամենավերջին խազի վրա կայացրել ենք ցավոտ, անհրաժեշտ ու անխուսափելի որոշում՝ անդունդը չգլորվելու համար»,- ասել է Փաշինյանը:

Նա վերջում ավելացրել է. «Ես անձամբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար, շարունակելու եմ կրել այդ պատասխանատվությունը և կուզեի ընդգծել, որ  սա մեծ անհաջողություն է մեզ համար, մեծ աղետ է, մեծ սուգ է մեզ համար մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը, Արցախը պետք է ապրեն, ու մենք պետք է հզորանանք: Պետք է որոշակիորեն վերանայենք մեր ընկալումներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ, դասեր քաղենք, որոնք կծառայեն մեր հայրենիքին, մեր ժողովրդին»: