Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել են ու կրել մեծ կորուստներ

51

Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը հայտնում է.

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, եւ վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։

Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։

Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ։

Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։