Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների հոսպիտալացումը նպատակային չի համարում

35

Կ. Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի տարածքում  կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,  անդրադառնալով հարցին՝ համալիրի տարածքն օտագործվելո՞ւ է, թե՞ նպատակահարմար չէ:

«Նպատակահարմար չէ: Անձնակազմի, թթվածնի և ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, ապա համալիրի տարածքում քաղաքացուն հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում սկզբում ինչո՞ւ հարյուրավոր մահճակալներ դրվեցին համալիրում՝ նախարարը պատասխանեց՝ որովհետև, երբ հիվանդությունը նոր էր, և ամեն իչ հայտնի չէր դրա մասին, պետությունը հնարավոր բոլոր սցենարները հաշվի էր առել: «Բայց հետո մեր անձնական, համաշխարհային փորձը ցույց տվեցին, որ դրանք գործունակ չեն: Նման ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն սարքեր, որ կարելի է ձեռք բերել, և բուժառուն տանը թթվածին ստանան՝ Թորոսյանը նշեց, որ ձեռք են բերում թթվածնային կոնցենտրատորներ: Դա տարբերակ է տանը ինչ-որ չափով ավելի մեղմ հիվանդության ընթացք ապահովելու համար: «Մենք ինչքան ունենք՝ մոտ 1 500 թթվածնային կոնցենտրատոր օգտագործում ենք հիվանդանոցներում, ևս 500 հատ գնել ենք, էլի կգնենք»,- ասաց նախարարն ու հավելեց՝ սակայն չի կարող ասել, թե մարդիկ տներում ինչքան ունեն: Տեղական շուկայում այդ կոնցենտրատորներից չկան:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբում, դիտարկելով զարգացման տարբեր սցենարներ, ՄՀՀ տարածքում տեղադրվել էին մահճակալներ՝ համալիրը դիտարկելով որպես վարակված անձանց համար հնարավոր մեկուսացման վայր: