Ինչու են ընդդիմադիր խմբակցություններն ուզում հրատապ հանդիպել Փաշինյանի հետ. Անի Սամսոնյանի պարզաբանումը

54

Սա մեր երկրորդ կոչն է, որ մեզ անհրաժեշտ է փակ քննարկում Անվտանգության խորհրդի ձեւաչափով, քանի որ նախորդ կոչի համաձայն այդ հանդիպումը չկայացավ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրատապ հանդիպելու առաջարկով:

«Մենք կրկին դիմել ենք, որովհետեւ ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Դա այն ձեւաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն: Հետեւաբար, այն, որ նիստը չի կայացել, դրանից մեր առաջարկը ոչ նահանջում է, ոչ էլ չեղարկվում է: Ցանկալի կլինի, որ այդ նիստը կայանա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետի խոսնակը նշել էր, որ ԱԽ նիստ արդեն տեղի ունեցել է, որին մասնակցել է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Սամսոնյանն արձագանքեց. «Եթե մենք տեսնենք, թե այդ հանդիպումը երբ է տեղի ունեցել, կհասկանանք, որ դրանից անցել են շաբաթներ, իսկ ռազմաճակատում զարգացումները լինում են նունիսկ րոպե առ րոպե: Այն տեղեկատվությունը, որը մենք ստացել էինք նախորդ նիստի ժամանակ, բնականաբար, արդեն արդիական չէ»:

Հարցին, թե ինչու ԼՀԿ-ի համար բավարար չեն պաշտոնական աղբյուրների հրապրակած տեղեկությունները, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «ԱԺ-ն այն մարմինն է, որն իրվունք ունի ստանալու այնպիսի տեղեկատվությունը, որը պարունակում է ռազմավարական եւ մարտավարական բաղադրիչ: Դրանք  այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման համար չեն: Որպես պատգամավորներ մենք ունենք նաեւ գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունը, հետեւաբար, իրավունք ունենք նաեւ տեղեկանալու, թե այս պահին ին աշխատանքներ են տարվում դիվանագիտական ճակատում, եւ ինչպիսի իրադրություն է ռազմաճակատում:

Եթե մեզնից պահանջում են միասնականություն, ինչը մենք ցուցաբերում ենք, մենք էլ փորձում ենք այդ միասնականության համար ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը եւ ավելի շատ մեր գործողությունները հարմարեցնենք այդ իրավիճակին: Մասնավորապես, մեզ հետաքրքիր է, թե ինչ պլաններ կան դիվանագիտական առումով, ինչ ռազմավարություն է մշակվել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչ է անհրաժեշտ, որ մեր հաջողությունները լինեն ավելին, քան կան ռազմաճակատում»:

Աղբյուր՝ News.am