Գերմանիայում պահանջում են արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

38

Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ 

Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կառավարությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին և կասեցնել Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» գործունեությունը։

Դաղդելենը նշել է, որ հիշյալ համադաշնությունը, որի կազմում կա 170 կազմակերպություն և շուրջ 7․000 անդամ, ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։

Նա  նաև հայտնել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով` նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը:

Պատգամավորի խոսքով՝ ազգայնական «Գորշ գայլերը» սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի մի հատվածի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։