“Ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ” Արթուր Դանիելյան

200

«Մերոնց հետ հեշտ ա:

Մենք ի սկզբանե էլ որոշել էինք, որ գնում ենք մահվան բերան: Ով էլ չգիտեր, թե դա ինչ է նշանակում, շատ արագ ամեն ինչ հասկացավ առաջին իսկ հռթիռակոծության ժամանակ: Այսինքն` առաջին իսկ օրը: Հետևաբար, երբ մեզ սկսեցին լուրեր հասնել զոհերի ու ահռելի կորուստների մասին, ես որպես հրամանատար առանձնապես խնդիր չեմ ունեցել բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանելու հարցում:

Զենքը կա, սնունդը կա, մեր փայ Ղարսը կա, պահում էինք ու ենք: Մեզ մենակ մի բան կարող է զինաթափել: Մենակ մի բան կարա ստիպի մեզ դիրքը լքել: Այդ մի բանը մեջքից հարվածն է:

Այնպիսի մի քայլ, որը կիմաստազրկի «Ղարսը» պահելը: Կարա գրավվի Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, տո նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը և միևնույն է մենք նահանջելու պատճառ չենք ունենա, եթե հարվածը չլինի մեջքից:

Բոլոր կորուստները անշուշտ շատ ցավալի են: Ցանկացած սթափ մարդ պիտի հասկանա, թե ինչով է հղի այդ հողերի կորուստը, կամ լավագույն տղերքի զոհվելը: Բայց սթափ մարդը նաև պիտի գիտակցի, որ այս ժողովուրդը ինքն է ընտրել այս պատիժն իր համար:

Նենց, որ առնվազն մոտ 900,000 ՀՀ հպարտ քաղաքացի պիտի պատրաստ լինի կրել սեփական ընտրության հետևանքի բեռը: Մի 2 էդքան մարդ էլ առնվազն անտարբեր է եղել մնացածի գործած ընտրության հանդեպ, հետևաբար նույնպես պիտի պատասխանատվություն կրի:

Դե, իսկ մենք` չընտրածներս ու անտարբեր չեղածներս, պարզապես մեր խաչն ենք քաշում: Ստեղ ամեն ինչ արդար ա: Այ, եթե էսքանից հետո մեր «ձեռից» մեր խաչն էլ խլեն, այ դա արդեն արդար չի լինի:

Այսինքն եթե ոմանք անեն այնպես, որ կռվելը առհասարակ իմաստազուրկ լինի: էս պահին նման մտահոգություն չկա: Կան տարատեսակ ասեկոսեներ, մտահոգիչ դրվագներ, զայրացնող դրսևորումներ, բայց դեռ ամենինչ արդար է: Թեպետ հնչում են անհասկանալի կոչեր հրադադար ու խաղաղություն հաստատելու, կամ «ցավալի զիջումների» գնալու մասին:

Իսկ այսօր, օրինակ, բամբասանք տարածվեց, որ Արցախի նախագահը Ազգային Ժողովի պատգամավորներին հավաքել ու պնդել է, որ պետք է կապիտուլյացիայի գնալ: Ինչը խուճապ ստեղծեց ամենուր և նույնիսկ մեր դիրքերում:

Հետո լուրեր սկսեցին ֆռալ, որ հիշյալ բամբասանքի արդյունքում զինվորները սկսել են լքել դիրքերը: Ու էս լուրերը թերևս ավելի վտանգավոր են քան ցանկացած Սմերչ: Որովհետև Սմերչը չի կարող իմաստազրկել պայքարը, իսկ կապիտուլյացիայի մասին անգամ բամբասանքը` կարող է…

Բարեբախտաբար այդ բամբասանքների դեմն առնելը դեռևս դժվար չէ: Մարդիկ ասում են` «Հաղթելու ենք», իսկ դա բացառում է կապիտուլյացիան: Նենց չի, որ ապահովագրում է հաղթանակը, վերջիվերջո էդ մարդիկ շատ բան են ասել, բայց էս ասածը կապիտուլյացիան բացառում է:

«Հաղթելու ենք» գոռացողը հենց առանց կռվելու տարածք տվեց կամ գոնե խոսաց դրա մասին, անմիջապես առերեսվելու է իրական կռվողների հետ: Իսկ նրանք ովքեր փախչում են բամբասանքների պատճառով, իրականում պարզապես հարմար առիթ են գտել ու, ըստ էության, առաջին գծում տեղ չպիտի էլ ունենան:

Հ.Գ. էդ, որ ստեղ ընդեղ դեսպանատների դեմը գոռում եք «we want peace» («մենք խաղաղություն ենք ուզում»)` ի՞նչ նկատի ունեք: Ոնց կարա էդ peace-լինի առանց, օրինակ, Ջաբրայիլի: Իսկ առհասարակ խաղաղությունը մենք էլ ենք սիրում ու միանում ենք ֆլեշմոբին:

Հ.Հ.Գ. ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ: Էս անտերը անիմաստ բարդ օպտիկա ունի, հաշվարկներն էլ մղոնով ա ոնց որ: Թեպետ դրանցից ո՞վ ա է խեր տեսել… դրանք մենակ խաչելուց են լավ:»

(C) Artur Danielyan07.11.2020