Լիրայի ռեկորդային անկման ֆոնին Էրդողանը փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարին

68

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնից հեռացրել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալին՝ ազգային արժույթի ռեկորդային անկման ֆոնին: Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը հրապարակվել է Resmi Gazete կառավարության պաշտոնական թերթում:

Ինչպես նշված է փաստաթղթում, «այսուհետ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Նաջի Ագբալը», ով նախկինում զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության պետի, ինչպես նաև Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Թուրքական արժույթի փոխարժեքը երեքշաբթի օրը վերականգնել էր իր ռեկորդային ցածր մակարդակը՝ հասնելով 1 դոլարի դիմաց 8,49 լիրայի՝ իջնելով նախորդ նվազագույնից (1 դոլարի դիմաց 8,34 լիրա), որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին: