Դավանական հակասությունների տեսանելիությունը Ադրբեջանում. Շահան Գանտահարյանի հոդվածը

55

Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնազրկումը շատ ուշագրավ երեւույթ է, որը կարող է առաջնորդել նկատելի հետեւությունների։ 

Պատերազմի ամենաթեժ պահերին նման որոշումն ընդհանրապես մեկնաբանվում է շատ հիմնական ձախողությամբ։ Ռազմական գործողությունները տապալելու, առաջադրանքները չկատարելու կամ մեծ տարողությամբ ստեղծված հիմնահարցի լուծումը չապահովելու դեպքերում օրինաչափ է նկատվում նման որոշումը։ 

Այս առումով մեկ հանգամանք գուցե կարելի է նկատել իբրեւ նախադրյալ նման որոշում կայացնելու։ Այն, որ ադրբեջանական ուժերին չհաջողվեց  բլից-կրիգ իրականացնել․ առ այս պահը պատերազմը շարունակվում է։  

Կարող են լինել քաղաքական մեկնաբանություններ։ Հասանովը ընկալվում է իբրեւ ռուսական զինվորական շրջանակների հետ առնչված կամ ռուսական ազդեցության ներքո գործող պաշտոնատար, ինչը հանգիստ չէր ընկալվում պատերազմական գործողությունների ղեկն ստանձնած Անկարայի կողմից։ Այս դեպքում, Ադրբեջանի պաշտոնյան երկրորդական նշանակություն ունի, որովհետեւ պարզ է, որ պատերազմը ադրբեջանական կողմից ղեկավարում է թուրքական սպայակույտը։ Այս իրականությամբ հանդերձ սեփական կադրեր նշանակելու Անկարայի քայլը կարող է ռեալ թվալ։ Փաստորեն Ադրբեջանի գաղութայնացումը ունի նաեւ հիմնականում ռազմական բնույթ, այս դեպքում ամենաառաջնային կարգով։ 

Իհարկե, Բաքվում կան պաշտոնազրկված պաշտոնյայի հետեւորդներ։ Դեռեւս վաղ է նկատելը, այդուհանդերձ ենթադրաբար չի բացառվում, որ դժգոհության ալիք առաջանա նման պատվիրված պաշտոնազրկման պատճառով։ Պատերազմում ներբանակային խլրտումները ամեն գնով զսպելու փորձեր անպայման կձեռնարկվեն։ Բայց նման բարձր մակարդակի վրա առնված քայլն անհետեւանք չի մնա։ 

Ռազմական ոլորտի ուղղակի ղեկավարումը տեղի կտա գաղութայնացման քայլերի դեմ դժգոհության։ Իսկ դժգոհությունը կորոնի դրսեւորման ելքեր։ Նման տրամադրությունների զանգվածայնացման համար ամենաազդեցիկ գործոնը կրոնական-դավանական տարբերությունների հակասության վերածվելն է։ 

Ուրեմն, տեսքով ռուսական-թուրքական ազդեցությունների տարածման մրցապայքարը կարող է ստանալ այլ տարողություն։ Ահա այստեղ է, որ շահագրգիռ կլինի շիա Իրանը՝ շիա Ադրբեջանի վրա ավելի ազդեցիկ ներգործություն ունենալու առաջադրանքով։ 

Դրանով են բացատրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերադասումը, «օկուպացված» տարածքների վերադարձի հրամայականը եւ նման ադրբեջանամետ հայտարարություններ հնչեցնելու Թեհրանի հետեւողական հայտարարությունները։ Իրանյան զգուշացումը ուղղված է ահաբեկիչ տարրերի ներթափանցմանը եւ սպառնալիքին՝ իրանամերձ շրջանների տեղակայման կամ իրանյան տարածքներ հարվածելուն։ Կոնկրետ՝ իրանյան զինուժի կուտակումը իրանամերձ տարածքների անմիջականությամբ բախման գոտիների երկայնքով։ Բնականաբար, հաշվարկների մեջ է ներիրանյան բազմամիլիոնանոց ադրբեջանցի ազգաբնակչության գործոնը։ 

Փաստ է, որ աշխարհագրական տարբեր շրջաններում մղվող հակամարտություններում դավանական պատկանելիությունն ամենաազդեցիկ գործոնն է ժողովուրդներին մոբիլիզացնելու առումով եւ այդ ճանապարհով ազդեցության գոտիներ ձեւավորելու։ 

Անկարայի կողմից Ադրբեջանի գաղութայնացման գործողությունները կարող են հակակշիռ քայլերի տեղի տալ։ Այս դեպքում՝ Թեհրանի կողմից։ 

ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                               

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր