Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

39

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ դատապարտել են  հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորները շեշտել են իրենց՝  Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Որպես Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար երախտագիտությունս եմ հայտնում Պատգամավորների պալատի բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարեկ Բենդային, և աջակցություն և համերաշխություն հայտնած մյուս բոլոր պատգամավորներին: Հայտարարության տեքստը` ստորև:

«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:

Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.

– դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,

– զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը,

-հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,

-համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,

-կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,

-խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,

լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,

-խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով» :