Թիկունքիցՙ ճակատ

59

Զինվորներն առաջնագծում, կանայքՙ թիկունքում, այսքանից հետո էլ ի՞նչ պարտություն: Հայրենիքի պաշտպաններին ամեն կերպ օգնելու ցանկությունը բոլորին է համակել:

«Զինվորների անուշ ու տաք քունը ծնողների քաղցր երազանքն է», այս եւ այլ մաղթանքներով քնապարկերն ու անձրեւանոցները զինվորի տաքությունն ապահովելու համար են: Զինվորի համար հարկ լինի ողջ գիշերն էլ կաշխատենք»,- ասում են բնակարանըՙ կարի արտադրամաս վերափոխած կանայք:

«Մենք ուզում ենք, որ աշխատանք կատարվի, օգտակար գործ անենք, մենք էլ էստեղ զինվոր լինենք: Ոչ մի բանով մեր զինվորներին, մեր հարազատներին, մեր առյուծներին չենք կարողանում օգնել, գոնե էսպես օգնենք: Բոլորս մեկ մարդու նման պատրաստ ենք առանց հանգստյան օրի աշխատել եւ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ քնապարկերը զինվորին հասցնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Ռազմաճակատում կռվող տղաներից, կամավորականներից ամեն մեկը հերոս է, ասում են ՙ այն, ինչ հիմա անում ենք, նվազագույնն է սահմանին կանգնած զինվորի համար:

«Զինվորի համար տաք քնապարկերը կարում ենք բնական բրդի հումքով, դրանք կարող են ծառայել նաեւ որպես տաք ծածկոցներ: Իսկ եթե դիրքերում զինվորը քնի ժամանակ էլ ունենա, գլուխը քարին դնելու փոխարեն բարձ էլ կհասցնենք», – ասաց Հ.Գրիգորյանը ավելացնելով, որ բարձեր կարելը իր մտահղացումն է, դրանց մեջ շատ ուժ ու ջերմություն է դրել:

«Տղաս ապրիլյան քառօրյայի մասնակից է: Իրենք էն ժամանակ, որ դիրքերում էինՙ համընկավ ցուրտ, անձրեւային եղանակներին, ու երբ հետը խոսում էինք, ասում էր, որ քնապարկի ու անձրեւանոցի կարիք են ունեցել: Էս տարիներին, ոնց որ խիղճս անընդհատ տանջեր, թե երեխեքը մրսել են ու մենք ոչնչով չենք կարողացել օգնել: Երբ կոչ եղավ օգնել առաջնագծինՙ մի վայրկյան չենք տատանվել, թե ինչ պիտի անենք: Տղաս ինքն անմիջապես առաջարկեց քնապարկ ու անձրեւանոց կարել», -պատմում է տիկին Հասմիկը:

Ասում ենՙ հետո էլ անձրեւանոցներ են կարելու, որ սահմանին անսասան կանգնած մեր քաջերը հանկարծ չթրջվեն:

«Բոլորս մեր հերոսների կողքին ենք: Հպարտ ենք, որ մեր հայրենիքը նման արժանի զավակներ ունի»,- ասում են աշխատակիցները:

Մեր կամքը քարից ամուր է, իսկ ոգին հանձնվել չգիտի: Ի տարբերություն թշնամու մայրերի, որոնք ամեն կերպ իրենց որդիներին հեռու են պահում մարտերից, հայ մայրերը ոչ միայն պատրաստակամ ճանապարհում են իրենց որդիներին սահման, այլեւ մայրական հոգատարությամբ մտածում են նրանց կենցաղային հոգսերի եւ կարիքների մասին: «Հագի՛ր, որ չմրսես եւ դիմադրես թշնամուն», ոչ միայն ասում, այլեւ երգում են քնապարկ ու անձրեւանոց կարող հայ կանայք:
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս