Ապարանից Վահեն եւս բարձրացավ երկինք…

87

Օրհասական այս օրերին յուրաքանչյուր զինվորի կորուստ անասելի ցավ է: Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը: Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից, պայծառ ապագայի երազանքներից եւ առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Նա երեկ կդառնար 19 տարեկան:

Դպրոցում սիրված աշակերտ էր.սովորում էր այն, ինչը իրեն հանձնարարվում էր: Ընկերների խոսքով չափից շատ անկեղծ, մաքուրսիրտ, խելոք եւ անշառ տղա էր, որն էլ երբեմն մարդիկ շփոթում էին միամտության եւ խեղճության հետ:

Վահեն ուներ բազում երազանքներ. ցանկանում էր ծրագրավորող դառնալ. մինչեւ բանակ մեկնելը Պոլիտեխնիկական համալսարանում քննություն էր հանձնել եւ ընդունվել:

Ընկերները ասում են, որ Վահեն փոքրուց շատ է սիրել մուլտֆիլմեր նայել, նմանակել հերոսներին եւ վերջերս էլ, արդեն չափահաս, ազատ ժամանակ մուլտֆիլմեր էր դիտում:

Բանակում օրինակելի եւ կարգապահ զինվոր էր մեր հերոսը: Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր եւ նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով նաեւ հպարտության զգացում:

Վահեն վիրավորվել էր մարտադաշտում. նա կորցրել էր ոտքը եւ ձեռքը: Մարտական ընկերներն ասում են, որ այդ վիճակում էլ չի հանձնվել եւ տղաներին էլ քաջալերել է չհանձնվել: Տեղափոխվելով հիվանդանոցՙ մի քանի օր մնացել է կոմայում եւ գիտակցության չգալով մահացել:

Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը` Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, հայտնիՙ «Ռեմբո» մարտական անունով:

Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին եւ, ինչպես վայել է իսկական եւ խոնարհ հայ ազատամարտիկին, պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Ազատ հայրենիքն էր իր համար գլխավոր դափնին: Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում:

Այս պատերազմին եւս հայրը մեկնել է ռազմաճակատ, սակայն 28 օր է ինչ ընտանիքը նրանից ոչ մի տեղեկություն չունի: Վահեի հուղարկավորությունը տեղի ունեցավ առանց հոր ներկայության:

Վահեն, բարի ու անմեղ Վահեն, երկինք բարձրացավ ՀԵՐՈՍԻ պես. ընկավ հանուն մեզ,հանուն մեր հողի, հանուն իր ընտանիքի:

Մենք խոնարհվում ենք քո առաջ, հպարտանում ենք քեզանով, բայց էլի մեր արցունքներն ու կորստի ցավը չենք կարող խեղդել կոկորդներումսՙ համոզելով մեզ, թե անմահացար… քեզ կորցնելու ցավը չի թողնի մեզ, որ ի սրտե հպարտանանք քո անձնվեր քայլով:

Թող հոգիդ լույսերի մեջ լինի, հերո՛ս:
ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի