Վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է նաև ՌԴ-ի ու Իրանի համար. ՀՀ վարչապետ

38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե որքանո՞վ է հնարավոր ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային լայնածավալ առճակատման վերածվելը՝ նշելով, որ չի կարող ճշգրիտ կանխատեսում անել:

«Բայց արդեն ասացի, որ և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը հայտարարել են, որ վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգությանը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի պատերազմը մեկնարկելուց հետո մենք Հյուսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրավապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եվ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հենց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է. The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիության որոշակի տարր պարունակում է և որևէ մեկը չի կարող ասել, «թե մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի շրջանակներում կմնա սա»: «Բայց մեծ հաշվով այստեղ ավելի կարևոր է հետևյալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խոսեցի, և որն արդեն իսկ հիմնավորվում է կոնկրետ փաստերով, որպես մեխանիզմ այլևս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում:

«Եվ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականությունն է և այն քաղաքականության շարունակությունը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ եք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եվ թե այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսևորում կունենա, արդեն շատ դժվար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիության որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողություններին շատ կոնկրետ արձագանք և պատասխան չի տվել»,- նշել է Փաշինյանը:

Հարցին, ավելի կոնկրետ՝ ո՞րն է Թուրքիայի նպատակն այս հակամարտության մեջ, Փաշինյանը պատասխանել է. «Օսմանյան կայսրության վերականգնում, ինչքան էլ դա տարօրինակ է հնչում»:

Armenpress