Ղարաբաղյան պատերազմ: Դիվանագիտության ներգործությունը

62

Չնայած մարդկային հսկայական զոհերին եւ նյութական կորուստներին ՙ ղարաբաղյան ռազմիկների բարոյական ոգին շարունակում է դեռ բարձր մնալ: Չափազանցություն չէ, երբ հայ զինվորները պնդում են, որ իրենք պայքարում են իրենց պատմական հայրենիքի համար, իսկ ադրբեջանցիներըՙ իրենց չպատկանող տարածքները զավթելու համար:

Մինչ պատերազմը մոլեգնում է սեպտեմբերի 27-ից, հումանիտար զինադադարի երեք փորձ է եղել: Առաջինը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին; հաջորդը ՙ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՙ հոկտեմբերի 17-ին, իսկ երրորդըՙ ԱՄՆ-ի կողմիցՙ հոկտեմբերի 25-ին:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի երեք համանախագահներ չկարողացան հասնել հրադադարի: Երրորդ փորձից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական բոլոր ուժերը դուրս չեն եկել Ղարաբաղից. Հայկական կողմի համար կապիտուլյացիայի վերջնագիր: Մինչդեռ Մինսկի խումբը փուչ հայտարարություններ է տարածում ՙ մեղադրելով երկու կողմերին:

Ինքըՙ Ալիեւը, կորցրել է իր վերահսկողությունը իր կառավարության եւ բանակի նկատմամբ, ուստի չի կարող միայնակ կանգնել ԵԱՀԿ համանախագահների եւ միջազգային հանրության դեմ: Նրա մեծամտությունը փոխառված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Վերջինս անցյալ շաբաթ Ստամբուլի հայկական եկեղեցում մասնակցեց թաղման արարողությանը` հարգանքի տուրք մատուցելու իր Արդարություն եւ զարգացում (AK) կուսակցության միակ հայ անդամ Մարգար Եսայանին: Սգո պատարագի ընթացքում պատրիարք Սահակ արք. Մաշալյանին հաջողվեց իր դամբանական խոսքում ներառել Ղարաբաղի պատերազմի թեման:Արարողության ավարտին, եկեղեցուց դուրս գալուց առաջ, Էրդողանը նշանակալից հայտարարություն արեց. «Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու նույն իրավունքն ունի, ինչ Ռուսաստանը»:

Այս հայտարարությունը փազըլի բանալին է տալիս: Հրադադարի յուրաքանչյուր փորձի ժամանակ Թուրքիան փորձել է իրեն պարտադրել նախ որպես միջնորդ, այնուհետեւ իր զինուժի թեկնածությունը ապահովել որպես պոտենցիալ խաղաղապահ, եւ, վերջապես, նա դարձել է ռազմաճակատի դերակատար ՙ խանգարող: Նա կշարունակի մնալ այս դերում մինչեւ իր նպատակին հասնելը, բայց մինչ այժմ նրան հաջողվել է ստեղծել փակուղային իրավիճակ, որը թույլ չի տալիս Ռուսաստանին գործողությունների լիակատար ազատություն ունենալ Կովկասում:

Սիրիայից հետո նույն սցենարը օգտագործվեց Լիբիայում, որտեղ փակուղին, ի վերջո, ավելի նվազ հաջող եղավ, քանի որ բացի Ռուսաստանից, հավասարման հակառակ կողմում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը:

Հիմա նույնը տեղի է ունենում Կովկասում, որտեղ արդեն ընթանում է գլոբալ բնույթի հակամարտություն:

Թուրքիան պարտադրում է ճանապարհ հարթել դեպի Թուրանական կայսրություն իրականացնելու իր երազանքըՙ համոզելով Արեւմուտքին, որ ինքը այլասիրակա՜ն դեր է խաղում ՙ շրջապատելով Ռուսաստանը եւ նյարդայնացնելով Իրանին:

Ակնհայտ է, որ Էրդողանը չի հանգստանա, քանի դեռ չի հասցրել խոսելու իրավունք ունենալ Արցախի հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում ՙ պահպանելով մնացորդային ռազմական ներկայությունը: Էրդողանը չէր կարող ընտրել պատերազմի համար ավելի լավ ժամանակ, քան հիմա, երբ COVID համաճարակը տապալեց Հայաստանի առողջապահական համակարգը եւ երբ ԱՄՆ-ում խառնաշփոթ է նախագահական փոթորկալի ընտրարշավում, այնքանով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նախագահ Դոնալդ Թրամփը բանավոր խոսքից բացի այլ առաջարկ չունեն. մինչ հայկական երկու հանրապետությունների հազարավոր բնակիչներ սպանվում են ադրբեջանական, թուրքական եւ իսլամական ջիհադիստների միավորված ուժերի ձեռքով:

Հայերը դժկամությամբ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ այս գոյութենական պատերազմում մի քանի երկրներ ընդդիմանում են նրանց, օժանդակում եւ աջակցում են ցեղասպանության հեղինակներին:

Իսրայելի անօդաչու թռչող սարքերը ապացուցեցին, որ ամենամահացուն են այս հակամարտությունում: Ինչպես Ղարաբաղյան անցած պատերազմներում, Ուկրաինան սպառազինություն էր մատակարարում Ադրբեջան: Ալեքսանդր Լուկաշենկոն ՙ Բելառուսը, արդեն խառնաշփոթ վիճակում գտնվող պետություն, կարողացավ սպառազինություն մատակարարելՙ հեգնանքի առարկա դարձնելով նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ են Հայաստանն ու Բելառուսը:

Վրաստանը երեսպաշտորեն հայտարարեց, որ փակում է իր օդային տարածքը երկու պատերազմող կողմերի համար: Բայց այսօր ոչինչ չի կարելի գաղտնի պահել. Թուրքիան Ադրբեջանին զենք մատակարարելու համար օգտագործեց Վրաստանի օդային տարածքը:

Այս անբարյացակամ ժողովուրդների թշնամանքին հակազդելու համար Ֆրանսիան եւ Գերմանիան խորհրդարանական պատվիրակություններ ուղարկեցին Հայաստան եւ Ղարաբաղ: Միակ բարձրաստիճան դիվանագետը, որը ակտիվ համերաշխություն ցուցաբերեց, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն էր, որն այցելեց Հայաստան, այնուհետեւ Մոսկվա ՙ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու ճգնաժամը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բանավոր էր աջակցում: Նա մատնացույց արեց Թուրքիայինՙ ահաբեկչական վարձկաններին ռազմի դաշտ մտցնելու համար: Ավելի ուշ, երբ նա խոսեց ֆրանսերենի ուսուցչի սպանության մասին, որն իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի երգիծանկարը, զայրացած Էրդողանը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ տվեց դիմել հոգեբանի: Նա նաեւ կանցլեր Մերկելին մեղադրեց նացիստական մտածելակերպը պաշտպանելու մեջ: Եվրոպայի պետական դեմքերն իրենց արժանապատվությունից ցածր են համարում նույն մակարդակով պատասխանել Սուլթանին:

Չնայած հայկական սփյուռքի ակտիվությունը կարողացավ համոզել Կանադային դադարեցնել անօդաչու թռչող սարքերի մասերը Ադրբեջան տեղափոխելը, այդ նույն ակտիվությունը դեռեւս արդյունք չի տվել ԱՄՆ վարչակազմի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառման համար, որն արգելում է ռազմական տեխնիկայի որեւէ տեղափոխում Ադրբեջան; քանի դեռ վերջինս շարունակում է իր թշնամանքը Հայաստանի հանդեպ:

Հայկական դիվանագիտությունը լավ է աշխատել ճնշումի տակ: Դիվանագետները ստիպված էին սովորել գործել ճնշման տակ:Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շրջել է աշխարհով մեկ: Նա Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էր վարում Լավրովի, ապա Վաշինգտոնում եւ Եվրոպայումՙ հարցազրույցների եւ դասախոսությունների միջեւ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին լավ ընդունեցին Ֆրանսիայի Ելիսեյան պալատում: Դրանից առաջ նա այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ, որի հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել:

Խոսելով մարդկային զոհերի մասինՙ Ստոլտենբերգն իր «շրթունքի ծառայությունը» մատուցելուց հետո շնորհակալություն հայտնեց Հայաստանին ՙ Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Նա ավելացրեց, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէր այս պատերազմում, եւ որ Թուրքիան հարգված անդամ է, որը, հուսով ենք, կկարողանա օգտագործել իր ուժերըՙ խաղաղությունը հաստատելու գործում:

Մենք վստահ չենք, որ նախագահ Սարգսյանը տեղեկացրեց իր հյուրընկալին, որ Թուրքիան գտնվում է Կովկասում` շարունակելու ցեղասպանության իր ծրագրերը` օգտագործելով ՆԱՏՕ-ի զենքեր, ինչպիսիք են F-16 մարտական ինքնաթիռները` խաղաղ բնակիչներին սպանելու համար:

Մնացականյանը, Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներ են ունեցել խոշոր լրատվամիջոցներում: Մասնավորապես, հետաքրքրական է հակամարտության լուսաբանումը հնդկական հեռուստատեսությամբ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նրանց հակառակորդ Պակիստանը վարձկաններ է ուղարկել հակամարտության գոտիՙ վիճարկմանը միջամտելու համար: Փաշինյանը լավ էր պատրաստվել իրավիճակը հայերեն ներկայացնելուց, քանի որ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով խոսելու նրա նախկին փորձերը հետադարձ արդյունք տվեցին: Այնուամենայնիվ, նա անծանոթ էր հնդիկ-պակիստանյան հարաբերություններին եւ Քաշմիրի շուրջ առկա հակամարտության նմանություններինՙ օգտագործելու համար դրանք:

Արաբական աշխարհը հիմնականում անտեսվում է Հայաստանի ղեկավարության կողմից, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրներում բնակվում են մեծաթիվ հայկական համայնքներ: Հաշվի առնելով մահմեդական աշխարհի ներկայիս բեւեռացումը,որտեղ Թուրքիան հակադարձում է Սաուդյան Արաբիային սուննիական աշխարհում առաջնորդության դերի համար, Հայաստանը պետք է կենտրոնանա դրա վրա: Այնուամենայնիվ, նախագահ Սարգսյանը տեղյակ է աշխարհի այս հատվածի ազդեցիկությանը: Եգիպտական նշանավոր «Ալ-Ահրամ» թերթին տված նրա լայնածավալ հարցազրույցը բացեց արաբական աշխարհի աչքերը:

Ներսում կա քաղաքական համերաշխություն: Նույնիսկ երեք նախկին նախագահները, որոնք սիրուց չեն տառապում միմյանց համար, միավորվել են ՙ աջակցելու պատերազմական գործողություններին: Հակառուսական հռետորաբանության մեծ մասը մարել է ԶԼՄ-ներում, չնայած որոշ անհեռատես քաղաքական գործիչներ եւ լրագրողներ, հատուկ օրակարգ ունենալով, շարունակում են դիպչել ռուսաստանցիներին, երբ Հայաստանին անհրաժեշտ է Կրեմլի աջակցությունը: «Ալ Ահրամ» -ին տված իր լայնածավալ հարցազրույցում նախագահ Սարգսյանը հայտարարել է. «Նախագահ Պուտինը հասկացրեց, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ կնքած յուրաքանչյուր պայմանագիր, եւ դա միանգամայն հստակ ուղերձ է»:

Ռուսաստանն իսկապես անհանգստացած է Կովկասում Թուրքիայի առաջխաղացումներից: Թուրքական եւ ադրբեջանական ուժերը մոտենում են Մեղրիին ՙ Հայաստանի հարավային տարածք, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար անգին տարածք է, քանի որ այդ հողի վերահսկողությունը Ադրբեջանի մայրցամաքը կապելու է Նախիջեւանի հետ եւ ճանապարհ հարթելու Էրդողանին դեպի Կենտրոնական Ասիա: Որքան հայտնի է, Ռուսաստանը ուժեր է ուղարկել տարածաշրջան եւ նույնիսկ մի քանի հրթիռ է տեղակայել ընդդեմ ադրբեջանական հողում վարձկանների կենտրոնացման:Արեւմուտքը կցանկանար, որ Թուրքիան Անդրկովկաս ներքաշեր Ռուսաստանը, որի շրջակա տարածքներում արդեն Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղրղզստանում բռնկումներ են մոլեգնում:

Ահա թե ինչու նախագահ Պուտինը զգուշորեն է վերաբերվում տարածաշրջանին եւ չի ցանկանում հրահրել Էրդողանին գործել ՙ միաժամանակ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները: Հայկական դիվանագիտությունը կարող է շարունակվել միայն մինչ այս պահը: Դիվանագիտական յուրաքանչյուր քայլ, քանի դեռ չի հաստատվել բռնի ուժով, ունի սահմանափակ ազդեցություն:

Թվում է, թե դիվանագիտությունն իրեն սպառել է, եւ Մինսկի խմբի կողմերից ոչ մեկը չի ձգտում ռազմական գործողություններ սկսել ՙ հրադադար հաստատելու համար: Տպավորությունն այնպիսին է, որ համանախագահները թաքցնում են Ադրբեջանի կողմից որոշակի ներխուժումներ կատարելու եւ տարածքներ վերականգնելու հնարավորությունը ՙ այն որպես սակարկություն օգտագործելու հոկտեմբերի 29-ին Ժնեւյան խորհրդաժողովում: Արտգործնախարար Լավրովը պարզորոշ նախանշեց իր ծրագիրը հոկտեմբերի 10-ի հրադադարից առաջ, որպեսզի Հայաստանը սկսի իրականացնել Մադրիդյան ծրագիրը, որը կոչ է անում վերադարձնել Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղից դուրս գտնվող հինգ շրջաններ, իսկ հետո եւս երկուսը, մինչեւ որեւէ քննարկում սկսվի հարցի կարգավիճակի շուրջ բանակցային սեղանին:

Հայաստանը կտրականապես մերժեց այս առաջարկը: Ցավոք, բոլորովին վերջերս բանակի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոստովանեց, որ Ղարաբաղը Կուբաթլի շրջանը զիջել է Ադրբեջանին: Պատերազմի քաշքշուկը կշարունակվի մինչեւ համաժողովի անցկացման օրը: Հուսանք, որ ղարաբաղյան բանակն այլեւս չի կորցնի տարածքներ, քանի որ սկզբում Ղարաբաղից դուրս գտնվող այդ տարածքները գրավվել էին անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ այս դեպքում ՙ որպես սակարկության առարկաՙ բանակցության սեղանի շուրջ:

Հայաստանն ունի չափազանց շատ թշնամիներ եւ քիչ ընկերներ:

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակավ դիմել է նախագահ Պուտինինՙ օգնության խնդրանքով:

Այդ կոչն ինքնին խոսուն է:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլերենից թարգմանությունըՙ ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, (The Armenian Mirror-Spectator)