Լավրով. Վարձկանների թիվը Ղարաբաղում արդեն մոտենում է 2000-ի

61

Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Անդրկովկասին վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանը կապված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով, առաջավոր մարդասիրական եւ տնտեսական կապերով՝ դիկտատի դրսեւորումը, հարկադրանքը, ճնշման ուղու օգտագործումը մեր կողմից ավելի քան անտեղի է:

Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին թեժ փուլից դուրս գալ եւ սրված հակասությունները լուծելու խաղաղ ճանապարհ գտնել:

Մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է նախաձեռնում` ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար զինադադարի մասին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող գործընկերների հետ, որպեսզի այս համաձայնագիրն ամբողջությամբ գործի: Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, ռազմական գործողությունները կդադարեն եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական ուղի:

Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու համար ադրբեջանական եւ հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիների միջեւ բախումները Ռուսաստանի տարածքում:

Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղhարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների (նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) հետ կանոնավոր շփումներում: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»:

Նրա խոսքով, կայուն հրադադարի ռեժիմի դժվար է հասնել առանց վերահսկողության արդյունավետ միջոցառումների մասին պայմանավորվածության: «Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կրակի դադարեցնելու խոստումները, որոնք չեն ապահովվում վերահսկման մեխանիզմներով, միշտ չէ, որ կատարվում են:

Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հատուկ չափորոշիչները հետագայում կհամաձայնեցվեն: Սա բավականին բարդ աշխատանք է: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ: Կան կառավարման էլեկտրոնային տարբեր միջոցների, Երեւանի եւ Բաքվի միջեւ թեժ գծի, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողություններ իրականացնելու եղանակներ: Առայժմ բոլոր չափորոշիչները համաձայնեցնել հնարավոր չի եղել: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում: Գլխավորն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար եւ ենթադրի շուտափույթ տեղակայման հնարավորություն»:

Աղբյուր՝ News.am