Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից

191

Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին: 

Թուրքական աղբյուրը նշել է, որ իրանական պետական հեռուստաալիքի հեռարձակած կադրերը սոցցանցում հրապարակել է լրագրող Թահա Քերմանին։ Նա տեղեկացրել է, որ ռեպորտաժում մանրամասներ են հաղորդվում Սիրիայից Ղարաբաղ հազարավոր վարձկաններ ուղարկելու մասին:

Թուրքական ազգայնական լրատվամիջոցի խմբագրականում նեղսրտել են հատկապես այն բանից, որ ռեպորտաժի մեջ ապացույցների շարքում ներառվել են կադրեր/նկարներ՝ հրապարակված ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:

Աղբյուրը շեշտել է այս օրերին թուրքական մամուլում տարածված այն տեսակետը, ըստ որի՝ Իրանը ցույց է տալիս, թե չեզոք է, սակայն իրականում օգնում է հայկական կողմին: