18 միլիարդ 825 միլիոն դրամ պարգևավճար է նախատեսված 2021 թ․բյուջեով, ինչը նախորդ տարվանից ավելի է 21 տոկոսով․ Արկադի Խաչատրյան

141

«2021 թվականի պետական բյուջեով  պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը»,- այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց․ «Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում  է»,- ասաց նախարարը։

Պատգամավորի ճշտող հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․

«Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։

Աղբյուր՝ 168 ժամ