Վարդենիսի սահմանները թշնամու գերեզմանը կդառնան

3013

Վերջին օրերին շատերի մոտ են տագնապային տրամադրություններ ստեղծվել` կապված թշնամու` ՀՀ սահմանների վրա հարձակման վտանգ-սպառնալիքի հետ: Հարվածի հիմնական ուղղություններից մեկն էլ Վարդենիսի շրջանն է, որը որպես կարևոր ստրատեգիական տարածաշրջան (հատկապես շրջկենտրոն Վարդենիսը) միշտ էլ եղել է թշնամու ուշադրության կենտրոնում:

Այո‘, վտանգ կա, բայց Վարդենիսում հնարավոր ռազմական գործողությունների հետ կապված վախեր չկան. խուճապային տրամադրություններն ու վախերը համացանցում են, թող համացանցում էլ մնան: Վարդենիսում չկան վախեր, բայց բոլորը զգոն են, պատրաստ` հայրենիքը պաշտպանելու: Այստեղ բոլոր տղամարդիկ զինվորներ են, մյուսները` թիկունքն ապահովողներ:

Լավ կլինի, որ մարդիկ սպանեն սեփական վախերը կամ գոնե դրանց մասին չխոսեն և խուճապ չտարածեն, լավ կլինի` քար լռություն պահպանեն հատկապես նրանք, ովքեր Վարդենիսի տեղն անգամ չգիտեն: Մեր տարածաշրջանի բնակչությունը պատվով է հաղթահարել դաժան 90-ականները (ինչպես ողջ հայությունը), սա էլ կհաղթահարի:

Խնդրում եմ` ամեն մարդ «օկուպացնի» իր վախերն ու վստահ լինի, որ թշնամին, հարձակվելու դեպքում, այստեղ էլ է ջախջախվելու:

Մենք, ամուր կառչած զենքին, պաշտպանում ենք ազատ ապրելու մեր իրավունքը. Վարդենիսի սահմանները թշնամու համար գերեզման են դառնալու: