Վազգեն Մանուկյանի հետ ոստիկանությունը կապվե՞լ է. պարզաբանում է փոխոստիկանապետը

54

Այն կոչերը, ուղերձները, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ, դրանցով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Ինչ վերաբերում է իշխանափոխության վերաբերյալ կոչերին, ապա դրանցով ևս աշխատանքներ տարվում են, սակայն Քրեական օրենսգրքին համապատասխան հոդվածներով գործունեություն իրականացնում են իրավապահ այլ մարմիններ, դիցուք՝ Գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն»,- նշեց փոխոստիկանապետը։

Հարցին, թե նախկին վարչապետ, ԱԺՄ ղեկավար  Վազգեն Մանուկյանի հետ ոստիկանությունը կապ հաստատե՞լ է, Արա Ֆիդանյանն ասաց. «Կոնկրետ անձանց հետ կապված որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, սակայն բոլոր դեպքերով, որտեղ մեր մոնիթորինգի արդյունքում՝ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավախախտում է առկա լինում, մենք զբաղվում ենք դրանցով»,- ասաց նա։

Հարցին, թե այդ դեպքում իրավախախտում կա՞ր, փոխոստիկանապետը հստակ չնշեց, պատճառաբանելով, որ հաշվի առնելով անձնական տվյալների վերաբերյալ օրենքի դրույթները չի կարող անձնական տվյալներ տրամադրվել։

«Համաձայն Քրեական օրենսգրքի՝ իշխանության զուտ հրաժարականը պահանջելը պետք է դիտարկել համապատասխան դիսպոզիցիայով, թե ինչպես  է սահմանված։ Եթե այնտեղ տեսնում ենք բռնության կոչեր, ապա բռնի տապալման կոչերը՝ այո, իսկ եթե բռնի տապալման կոչեր չկա, ապա, բնականաբար, Քրեական օրենսգրքով որևէ գործողություն իրականացնել հնարավոր չէ»,- նշեց փոխոստիկանապետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասել էր, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը։

Աղբյուր՝ News.am