Ադրբեջանցիների կողմից ֆոսֆորական զենքի օգտագործումը հավելյալ կերպով հիմնավորում է մասսայական բնաջնջման իրենց քաղաքականությունը. Սիրանուշ Սահակյան

52

Պայմանագրային նորմերն արգելում են ֆոսֆորային զինատեսակի օգտագործումը։ Գոյություն ունի որոշակի զենքերի արգելքի մասին կոնվենցիա, որի կից երրորդ արձանագրությունը վերաբերում է հրկիզող զենքերի օգտագործման արգելքին և սահմանափակումներին։ Հրկիզող զենքեր հասկացության ներքո հասկացվում են նաև սպիտակ ֆոսֆորային զինատեսակները, որովհետև դրանք նախատեսված են առարկաներ հրկիզելու կամ մարդկանց այրվածքներ պատճառելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը վերջին օրերին սկսել է օգտագործել ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

«Կոնվենցիան սահմանափակում և արգելում է հրկիզող, այրող զենքերի օգտագործումը, բայց Ադրբեջանը, հասկանալի պատճառներով, չի վավերացրել այն։ Կոնվենցիան չի վավերացրել նաև ԱՄՆ-ն, որն այս զինատեսակի ակտիվ օգտագործողներից է։ Սպիտակ ֆոսֆորը լայնորեն կիրառվել է նաև Իսրայելի կողմից՝ արաբական պատերազմում և շատ այլ դրվագներում»,- նշեց Սահակյանը։

Միջազգային սովորույթային իրավունքը, ցավոք, չի արգելում սպիտակ ֆոսֆորի գործածությունը, արգելում է առանձին դրվագներով, բայց ինքնին զենքի օգտագործման արգելքը տեղի է ունենում պայմանագրային հիմունքներով, որին Ադրբեջանը չի միացել։ Սահակյանը նշեց, որ, եթե ֆոսֆորային զենքն օգտագործվում է անտառներում, որտեղ քաղաքացիական բնակչություն չկա, սովորույթային իրավունքի տեսանկյունից խնդիրներ չկան, խնդիր կա պայմանագրի առումով, որին միացել է 115 երկիր, որոնց թվում Ադրբեջանը չկա։

«Քանի որ Ադրբեջանը միտումնավոր դա կիրառում է այն անտառներում, որտեղ հայտնի է քաղաքացիական բնակչության պատսպարվելու հանգամանքը, քաղաքացիական բնակչությունը դառնում է թիրախ և անգամ թույլատրելի զենքերի օգտագործմամբ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը սովորույթային մարդասիրական իրավունքի խախտում է և առաջացնում է պատերազմական հանցագործություններ, ուստի, իրավական տեսանկյունից խնդիրը հենց նրանում է, որ թիրախավորվել են վայրեր, որտեղ քաղաքացիական բնակչությունը պաշտպանվել է հարձակումներից և դրանով իսկ ոչնչացվում է քաղաքացիական բնակչությունը»,- նշեց Սահակյանը։

Այլ կերպ ասած, եթե նույնիսկ Ադրբեջանը չի վավերացրել կոնվենցիան, միևնույն է, ՄԻԵԴ-ում, Միջազգային քրեական դատարանում և միջազգային այլ կառույցներում կարող է բարձրաձայնվել՝ Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ ֆոսֆորային զենք կիրառելու հարցը։

«Հաշվի առնելով, որ այս զենքի կիրառման թիրախում հայտնվել են քաղաքացիական բնակիչները և այս զենքի օգտագործումը ևս հավելյալ կերպով հիմնավորում է մասսայական բնաջնջման, հայերի վերացման իրենց քաղաքականությունը, որի մասին վերջին ժամանակներում արդեն բացահայտ են խոսում»,- նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Աղբյուր` Փաստինֆո