Մոսկվան չի՞ ուզում, թե՞ չի կարող «խառնվել»

113

Մարդասիրական հրադադար հաստատելու ձախողված երեք փորձերից (վերջինըՙ հոկտեմբերի 26-ին, Վաշինգտոնում) հետո հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային եւ, այսպես կոչված, փոխզիջումնային լուծումը կրկին դրվեց գզրոց: Բանակցային գործընթացը իր տեղը ամբողջովին զիջեց թնդանոթին, եւ երեկ Ժնեւում նախատեսված եւ կրկին հետաձգված Մնացականյան-Բայրամով հանդիպումը հազիվ թե հաջողեր լռեցնել հրետանու որոտը: Եվրոպական մեծ երկրներիՙ Անգլիայի գազանավթային հաշվենկատությունը, Ֆրանսիայի միջերկրականյան դիմակայությունը Թուրքիայի ոտնձգություններին եւ Էրդողան-Մակրոն առճակատումը, ինչպես նաեւ Գերմանիայի անվճռական կեցվածքը ենթադրել են տալիս, որ Եվրոպան այս անգամ էլ հանդես կգա ընդգծված մեկ մտահոգությամբՙ կանխել Արցախյան հակամարտության ընդլայնումը: Վճռական խոսքը թողնված է Ռուսաստանին եւ, ուզենք թե չուզենք, Թուրքիային: Առաջինը մեր գլխավոր եւ միակ դաշնակիցն է, երկրորդըՙ մեր երդվյալ եւ հիմնական թշնամին: Առաջինը Ադրբեջանի գործընկերն է նաեւ, երկրորդըՙ նրա դրդիչն ու ռազմընկերըՙ ցեղասպանական նույն ախորժակով:

Եվ մոլեգնում է պատերազմը նոր սաստկությամբ, մոլեգնում է ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ հայկական խաղաղ բնակավայրերի դեմՙ Արցախը իր Շուշիով եւ Ստեփանակերտով «այրած հողի», անվերականգնելի եւ անբնակելի դարձնելու առաջադրանքով: Թշնամիների գերազանց ուժերի ճնշման, օդային անպաշտպանվածության պայմաններում մեր ուժերը ստիպված եղան նահանջել հարավային դաշտավայրային գոտիներից եւ ամրանալ առավելաբար լեռնային շրջաններում, որտեղ, ԱԹՍ-ների անճշտության պայմաններում մեր զորքերին ավելի հեշտ է դիմավորել եւ զգետնել թշնամու առաջապահ ուժերին ու վարձու ահաբեկիչներին:

Մեր զորահրամանատարները հայտարարում են, որ հայկական զինուժը դեռեւս չի օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր զինատեսակները: Խոսքը անշուշտ հեռահար հրթիռային համակարգերի մասին է: Բայց տարակուսելի է, թե ո՞ր օրվան են դրանք սպասում: Հարցումը հատկապես վերաբերում է ստրատեգիական զենքերին, որոնց ներգործությունը, մանավանդ Եվլախի հանգուցակետի ու Կաբալայիՙ ռուսական նախկին ռազմաբազայում իբր «լքված» F-16-երի ուղղությամբ զգաստացնող ազդեցություն կունենար ոչ միայն Ադրբեջանի համար: Արտոնությա՞ն ենք սպասում, Ռուսաստանի՞ց… Իսկ Բաքուն եւ Անկարան սպասո՞ւմ են որեւէ մեկի թույլտվությանը: Օրհասական պահերին ինքնապաշտպանության իրավունքը գերիվեր է բոլո՛ր իրավունքներից եւ պայմանավորվածություններից:

Իսկ հիմաՙ այս պահի ամենակարեւոր հարցը. ի՞նչ է անում եւ ի՞նչ է ուզում անել Ռուսաստանը, մեր դաշնակիցը, որը, ըստ Ստոքհոլմի SIPRT ինստիտուտի տվյալների, հսկայական քանակությամբ զենք է վաճառել Ադրբեջանինՙ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներիցՙ Բելոռուսի եւ Ղազախստանի, ինչպես նաեւ Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի հետ, ինչի մասին դեռեւս 2014 թ.ին բողոքում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: (Ի դեպ, նույն ինստիտուտի տվյալներովՙ սպառազինություն ձեռք բերելու համար Հայաստանի ծախսած 4 մլրդ. դոլարի դիմաց Բաքուն ծախսել է 24 մլրդ): Ընդունելի չէ նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, թե դաշնակցային փոխօգնության պարտավորությունները տարածվում են միայն ՀՀ անվտանգային տարածքի վրա: Իսկ օդային տարածքը՞, որը հեռահարության եւ հեռավարության տեսակետից բնավ նման չէ ցամաքային չափումներին: Իսկ ի՞նչ կարելի է ասել Գյումրիից ընդամենը 10 կմ հեռու, երկնքում, թուրքական հեռակառավարող եւ ԱԹՍ-ների թռիչքները համակարգող սարքերի մասին, նույն այն Գյումրիի, որտեղ գտնվում է ռուսական ռազմաբազան, որտեղ գտնվում է Krasukha-4 էլեկտրոնային ռազմական համակարգը, որը կարող է ապաակտիվացնել թուրքական եւ իսրայելական ԱԹՍ-ները:

Հասկանալի է, Ռուսաստանը չի ցանկանում, խուսափում է ռազմական հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ, որի դերը այս պատերազմում, ի տարբերություն Ռուսաստանի, եղավ վճռականՙ հօգուտ Ադրբեջանի: Բայց, կարծում եմ, պատերազմի հենց առաջին օրվանից Մոսկվան կարող էր թռիչքազերծ հայտարարել ռազմական գործողությունների ամբողջ տարածքը այս եւ այն կողմից, որի համար ոչ ոք չէր կարող նրան մեղադրել այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսով նպաստած կլիներ խաղաղարար բանակցությունների վերսկսմանը: Կրեմլը արյունալի այս պատերազմում պարզապես փորձում է մեկ ձեռքում երկու, անգամՙ երեք ձմերուկ պահել. Բաքվինՙ իր ծիրի ներսում, Անկարայինՙ ՆԱՏՕ-ի ծիրից դուրս, իսկ Հայաստանինՙ «փրկչին» սպասելու դիրքում:

Այս օրերին Հայաստանում որքան մեծ են Մոսկվայից միջամտության ակնկալությունները, այդքան եւ ավելի բարձր են հնչում քննադատությունները գործող իշխանությունների հասցեին, որը անցնող 2,5 տարիների ընթացքում, բացառությամբ դրական մի քանի դեպքերի, հետեւողականորեն վատթարացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ, վերջինիս ներշնչելով անվստահելիություն մեր երկրի նկատմամբ: Երկրի՞. բայց չէ՞ որ երկիրն ու ժողովուրդը, ի տարբերություն իշխանությունների, մնայուն են, ինչպես հայ եւ ռուս ժողովուրդների պատմական կապերըՙ համատեղ թափված արյունով ամրակնքված:

Անկեղծանալու պահն է նաեւ Ռուսաստանի համարՙ չի՞ ուզում, թե՞ չի կարողանում: Մեր ժողովուրդը սպասում է պատասխանի:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ