Հայաստանի նամակը փոխօգնության, ոչ թե օգնության նամակ է. Հակոբ Բադալյան

75

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վերլուծել է վարչապետ Փաշինյանի և  Վլադիմիր Պուտինի «նամակագրությունը». «Հայաստանն իրականում դիմել է ՌԴ-ին ոչ թե օգնության, այլ փոխօգնության տրամաբանությամբ: Ի վերջո, մի պարզ բան՝ օգնելով Հայաստանին, Ռուսաստանը լավություն չէ, որ անում է, այլ դաշնակցային պարտավորություն, որը բխում է փոխադարձ շահից: Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն, որովհետեւ Թուրքիան դե յուրե հարձակվել է Արցախի ու Հայաստանի, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական սահման Կովկասի վրա: Մեկ ամիս է, հայ զինվորն ու գեներալը կռվելով ու զոհվելով Արցախի ու Հայաստանի անմիջական անվտանգության համար, օգնում են Ռուսաստանին՝ օրինակ ավելի վստահ դիրքից խոսել թուրքերի հետ: Դրա համար երկու անգամ Էրդողանն է զանգում, ոչ թե Պուտինը: Այդ իրավիճակը նախ ստեղծում է հայկական բանակը: Իհարկե այստեղ էլ պարզ է, որ այդ բանակի համար խիստ կարեւոր է ռուսական սպառազինության կայուն ու անխափան մատակարարումը: Այսինքն, էստեղ ամեն ինչ շատ փոխկապակցված է եւ խոշոր հաշվով հենց դա է կոչվում դաշնակցություն, ու հենց այդ շղթայում որեւէ խափանումն է, որ կոչվում է դաշնակցային հարաբերության խափանում: Հետեւաբար, Հայաստանի նամակը փոխօգնության, ոչ թե օգնության նամակ է: Ու այդ նամակը նաեւ Ռուսաստանին կարող է օգնել մի քիչ բարձրացնել ձայնը Կովկասում, ի վերջո դրա համար է նաեւ այդ պայմանագրային հնարավորությունը: Մնացյալը՝ ծանր մարտական եւ քաղաքական գործընթացները շարունակվում են, ուժ, միտք եւ Աստվածային օրհնություն մեր բանակին, միտք, ճկունություն եւ հեռատեսություն մեր դիվանագիտությանը»: