Առաջարկ․ Ինչպե՞ս վարվել գերի ընկած վարձկան ահաբեկիչների հետ

89

Չգիտեմ հայկական բանակի ձեռքում Սիրիայից, Լիբիայից կամ նույնինքն Թուրքիայից բերված քանի՞ վարձկան ահաբեկիչ գերի կա։ Այսօր նրանցից մեկին տեսանք համացանցում եւ հեռուստակայաններից, որ իր նմանների հետ բերվել էր Սիրիայի Համա քաղաքից Արցախ՝ կռվելու մեր կորյունների դեմ, սպանելու մեզ, հրդեհելու եւ կողոպտելու։ Չգիտեմ նաեւ, թե ի՞նչ է լինելու նմանների վերջը, արդյո՞ք ժնեւյան համապատասխան պայմանագրերում վարձկանների, այս պարագայում՝ վարձկան ահաբեկիչների մասին որեւէ հոդված կամ կետ կա։

Գիտենք, ռազմական գործողությունների ավարտին, հրադադար հաստատվելուց հետո, սովորաբար տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում։ Սրանց՝ այդ վարձկանների պարագայում, ինչպե՞ս է վարվելու մեր դատախազությունը կամ համապատասխան որեւէ մարմին՝ նախքան նրանց Կարմիր խաչին հանձնելը։ Մենք ո՞ր կողմին ենք հանձնելու նրանց՝ Ադրբեջանի՞ն, գուցե Թուրքիայի՞ն, կամ Միացյալ Նահանգների՞ն, որի Կուբայում գտնվող Գուանտամանո ճամբարում համապատասխան տեղ կա նմանների համար։ Ո՞վ պետք է տեր կանգնի այդ՝ բառի իսկական առումով անտեր արարածներին։ Հո մեր բանտերում չե՞նք պահել-կերակրելու նրանց։

Եվ ահա ծնվեց գաղափարը, կարծում եմ՝ լավագույնը մնացյալ բոլոր տարբերակներից. այդ վարձկաններին պետք է հանձնել, համապատասխան իրավաբանական բառով՝ արտահանձնել Սիրիայի օրինական իշխանությանը՝ նախագահ Բաշար Ասադի՛ իշխանությանը, քանի որ նրանք եղել են կամ կան այդ երկրի քաղաքացի։ Ամենայն հավանականությամբ մինչեւ թուրքերի կողմից հավաքագրվելը, Վրաստանի վրայով Ադրբեջան եւ ապա արցախյան ճակատ տարվելը, հենց Սիրիայում, թերեւս նաեւ այլուր, նրանք հավանաբար բազմաթիվ հանցագործություններ են արել, սպանել, պայթեցրել, կողոպտել եւ առեւանգել։ Սիրիական մուխաբարաթը (հատուկ ծառայությունները) շա՜տ լավ գիտի նրանց դատաքննել եւ խոստովանեցնել, եւ այնուհետեւ, բնականաբար, բանտ ուղարկել։

Նկատի ունեմ Դամասկոսի մոտ գտնվող Մեզզեի հռչակավոր բանտի զնդանները։ Մանավանդ որ այս մի վարձկանը Համա քաղաքից է, այսինքն՝ Սիրիայի արմատական իսլամների որջից, որը դեռեւս 1976 թ. նախագահ Բաշար Ասադի հայրը՝ նախագահ Հաֆեզ Ասադը շրջափակել էր եւ հենց մզկիթում հավաքված «Իսլամ եղբայրներին» թնդանոթի կրակով ոչնչացրել։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ