Փենջաբցի ռեստորանատերը զորակցում է հայերին

49

Թուրք-ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դեմ, հարյուրավոր մարդկանց զրկեց իրենց բնակարաններից: Նրանց մի մասը ապաստան գտավ Երեւանում: Մինչ ամբողջ հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում, թե սփյուռքում մի բռունցք դարձած ամուր է պահում թիկունքը իր անմիջական աջակցությամբ, փենջաբցի մի ընտանիք, որն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Երեւանում, իր զորակցությունն է հայտնում հայերին:

Հայաստանն իրենց տունը համարող բազմաթիվ հնդիկների շարքում, 47-ամյա Պարվեզ Ալի Խանը, Փենջաբի Մալերկոտլա շրջանից, որի երկու դուստրերը սովորում են Երեւանում, իր կնոջ հետ գտել է արդյունավետ ձեւը օգտակար լինելու: Տեսնելով, թե ինչպես է ամբողջ ժողովուրդը համախմբված եւ կազմակերպված ձեւով պահածոներ, հագուստ ու դեղորայք հասցնում ապաստանվածներին, Պարվեզը, ըստ «India Today» պարբերականում տպագրված Գիտա Մոհանի հոդվածի, մտածել է երեւանյան իր ռեստորանում տաք ճաշ պատրաստել եւ ձրի տրամադրել պատերազմից տուժածներին, կամ առաքել նրանց: Սկզբնական շրջանում դժվարություններ առաջացել են, թագավարակի պատճառով ռեստորանի աշխատակիցներից մեծ մասի Հնդկաստան վերադառնալու պատճառով, սակայն շուտով հարցը լուծվել է: Ֆեյսբուքում դուստրերի տեղադրած կոչին շատերն են արձագանքել եւ այժմ, հոկտեմբերի 4-ից 50 կամավորներ աշխատում են ռեստորանի խոհանոցում եւ առաքման բաժնում: Օգնության են հասել նաեւ մի քանի կազմակերպություններ: Գործը լավ է կազմակերպված: Ունեն հեռախոսային համարներ, հասցեներ եւ նաեւ նախնական պատվերների ցուցակներ: Փորձում են ինչքան հնարավոր է շատ մարդկանց հասցնել տաք ճաշը, որն ըստ դուստրերի, պատրաստվում է հայերի քիմքին հարմար բաղադրատոմսովՙ ոչ շատ կծու, ոչ ինչպես սովորական հնդկական ճաշերը:
Հ. Ծ.