Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740)

181

Զինվորների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը իր ՖԲ էջում գրում է, – Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը մեզ նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740): Ոմանք կմտածեն թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը: Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ազգային եկեղեցի է, ով դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ: Հաղթանակը մերն է:

Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը երկար տարիներ (շուրջ 30) եղել է Դեթրոյիթի համայնքի հոգևոր հովիվը, ապա Չիկագոյի: 1990 թվականին եկավ Հայաստան, հաստատվեց հայրենիքում ու առաջնորդեց Շիրակի թեմը: Իր երկարամյա հոգևորական գործունեության մեջ չափազանց կարևոր ներդրումներ է կատարել, բայց կուզեմ առանձնացնել մեկը: Վարժ իմանալով թրքերեն, 1970 թվականներին Սրբազանը շրջագայել է Կիլիկիո ու Արևմտյան Հայաստանի գյուղերով ու քաղաքներով ու «միամիտ» թուրքերից հավաքել հարյուրավոր հայկական գորգեր, ձեռագրեր, գրքեր, զարթեր ու այլ արժեքավոր առարկաներ, որոնց հիման վրա Դեթրոյիթում հիմնել Ալեք և Մարի Մանուկյան Թանգարանը: Այդ բոլոր արժեքները այժմ ցուցադրված են թանգարանում: