Պուտինը գտել է Էրդողանի «աքիլեսյան գարշապարը»․ Neue Zürcher Zeitung

161

Մոսկվան Սիրիայում օրերս հուժկու հարված է հասցրել թուրքամետ «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման ուսումնամարզական ճամբարին, որպեսզի հավասարեցնի Անկարայի հետ հաշիվը։ Այդ հարվածը, որն ավելի քան 80 մարդու մահվան պատճառ է դարձել, Ռուսաստանի՝ կովկասյան հակամարտությանը Թուրքիայի գործողությունների պատասխանն էր, Tert.am-ի հաղորդմամբ՝ շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին հղումով գրում է topcor.ru-ն:

Ինչպես գրում է շվեյցարական թերթը, սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին Էրդողանը, ինչպես Սիրիայում և Լիբիայում, կրկին Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկեց, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ վերջինս Սիրիայից վարձկաններ է տեղափոխում և ԱԹՍ-ներով զինում Ադրբեջանին։

«Այս իրավիճակում Պուտինը որոշել է նախազգուշացնել իր թուրք գործընկերոջը։ Ռուսական հարձակման թիրախը պատահական չէր ընտրված։ «Ֆայլակ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը Իդլիբում ամենամեծն ու լավ պատրաստված խմբավորումն է։ Դա Ռեջեփ Էրդողանի վարձկանների էլիտար բանակն է, որը մարտիկներ է մատակարարում Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտություններին մասնակցելու համար»,- գրում է թերթը։

Ռազմաճակատից հեռու ավիահարվածը կոչված էր Անկարային ցույց տալու, որ չպետք է հավակնություններ ունենա Հարավային Կովկասում։ Պուտինը գտել է Էրդողանի «աքիլեսյան գարշապարը»։ Մոսկվան ակնհայտ առավելություն ունի Իդլիբում, իսկ նոր հարձակողական գործողությունը, որը կարող է սկսվել սիրիական բանակի կողմից, փախստականների հսկայական ալիք կառաջացնի. դա մղձավանջային սցենար է Թուրքիայի նախագահի համար, ընդգծում է շվեյցարական թերթը:

lur24.am